Ջ.Ուորլիք. Մենք կշարունակենք ջանքերը վստահության կայացման ու ամրապնդմանն ուղղված
ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց ապահովելու ուղղությամբ: Այս մասին հայ լրագրողների հետ զրույցում ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է նա գնահատում առկա իրավիճակը հակամարտության գոտում, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, Ուորլիքը նկատեց, որ մի կողմից Ուէլսում, Սոչիում և Փարիզում նախագահների մակարդակով կայացած հանդիպումները վկայում են , որ պետությունների ղեկավարները պատրաստ են երկխոսել բարդագույն հարցերի շուրջ:
Մյուս կողմից, նկատեց նա, ուղղաթիռի հետ կապված ողբերգությունը ետքայլ էր, որն ավելացրեց անվստահությունը կողմերի միջև. «Այդուհանդերձ, հաշվի առնելով նախագահների պատրաստակամությունը խոսել միմյանց հետ, մենք հույս ունենք, որ այդ երկխոսությունը կշարունակվի և մենք էլ կշարունակենք գործադրել ջանքեր` վստահության կայացման և ամրապնդման համար բոլոր մակարդակներում: Քանզի հենց վստահությունն է ամուր խաղաղության հիմքը: Իսկ տարածաշրջանի ժողովուրդները վաստակել են, որպեսզի խաղաղությունը հաստատվի որքան հնարավոր է շուտ»:
Խոսելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այսօրվա հանդիպման արդյունքներից , Ուորլիքը նշեց, որ այսօր գագաթաժողովի շրջանակում համանախագահները կհանդիպեն նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. «Ես չեմ կարող ասել` կա՞ նախարարների մոտ ցանկություն երկկողմ հանդիպում անցկացնելու մասով, բայց մենք կշարունակենք աջակցել երկխոսելու ցանկությանը: Մենք պետք է փորձենք գտնել առաջ շարժվելու ուղիներ, անկախ անհաջողություններից ու հուլիսին-օգոստոսին շփման գոտում էսկալացիայից, ինչպես նաև ուղղաթիռի ողբերգությունից ու մարդկային կորուստներից: Ես գտնում եմ, որ կողմերը պետք է տարբերակ գտնեն առաջընթացի և հակամարտության խաղաղ կարգավորման համար»:
Մեկնաբանելով այն քննադատությունը, որ հնչեց ադրբեջանական կողմից ի պատասխան օրերս Վաշինգթոնում իր և ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի միջև կայացած հանդիպման մասով, ամերիկյան համանախագահն ասաց. «Ես հանդիպել եմ Աշոտ Ղուլյանին մինչ այդ էլ, համանախագահները պարբերաբար հանդիպում են Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների հետ, որպեսզի առաջին շուրթերից լսեն խնդիրների մասին, որոնց նրանք բախվում են: Եվ մենք շարունակելու ենք անել դա այսուհետ ևս: Մենք պետք է լսենք և ընդունենք ի գիտություն բոլոր կողմերի կարծիքը, ես դա շատ կարևոր եմ համարում: Եվ դա է պատճառը, որ ՄԽ համանախագահները հաճախ են լինում Լեռնային Ղարաբաղում և կշարունակեն դա անել հետագայում ևս»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան