«Առցանց լրատվամիջոցների աշխատանքում սահմանափակում մտցնելու համար պետք է ինտերնետն անջատել». Աշոտ Մելիքյան
«Եթե խոսում ենք հայաստանյան լրատվամիջոցների ազատության մասին, առաջին հերթին պետք է առանձնացնել առցանց լրատվամիջոցները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ խոսելով Freedom House միջազգային կազմակերպության կողմից հրապարկված «Համացանցի ազատությունը 2014» թ-ին զեկույցի մասին, որի համաձայն, Հայաստանի համացանցի ազատության մակարդակը գնահատվում է որպես ազատ:
Նա համամիտ է միջազգային կազմակերպության գնահատականի հետ. «Freedom House-ի գնահատականն օբյեկտիվ է: Մենք բոլորս էլ տեսնում ենք, որ Հայաստանում նոր մեդիաները, մասնավորապես առցանց լրատվամիջոցները շատ ավելի ազատ են, քան հեռարձակվող կամ տպագիր լրատվամիջոցները: Այլ բան է, որ ավանդական լրատվամիջոցները փորձում են մի քանի տեսակի լրատվամիջոցներ միավորել մեկ պլատֆորում»:
Ա. Մելիքյանը միաժամանակ հիշեցրեց, որ Freedom House-ի «Մամուլի ազատություն-2014» զեկույցում Հայաստանը դասակարգված է «ոչ ազատ» կատեգորիայում:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված առցանց լրատվամիջոցների ազատությունը, ի տարբերություն ավանդական լրատվամիջոցների, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն ասաց. «Նախ պետք է պայմանավորել տեխնոլոգիաների զարգացմամբ և վերահսկողության դժվարացմամբ: Առցանց լրատվամիջոցների աշխատանքում որպեսզի որևէ խոչընդոտ, սահմանափակում մտցնեն, պետք է ինտերնետն անջատել: Հակառակ պարագայում՝ քանի գործում է ինտերնետը, լուրերի, տեղեկությունների տարածման այլընտրանքային ճանապարհներ կան»:
Բացի այս, ըստ Ա. Մելիքյանի, այն ժամանակ, երբ դեռևս համացանցն այսքան զարգացած չէր, ավանդական լրատվամիջոցների հաշվին էր ինֆորմացիան տարածվում, իշխանությունները փորձում էին այդ լրատվամիջոցների հանդեպ հաստատել իրենց վերահսկողությունը. «Վերահսկողությունը կար հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ: Տպագիր մամուլն առհասարակ բաժանվեց տարբեր քաղաքական, տնտեսական ճամբարների: Այդ կարգավիճակում էլ մինչև այժմ է: Տպագիր մամուլն ավելի շատ սպասարկում է տարբեր տեսակի քաղաքական ճամբարների շահեր: Չնայած այդ միտումը կամաց-կամաց նկատվում է նաև առցանց լրատվամիջոցների դեպքում էլ, բայց առայժմ առցանցն ավելի ազատ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները