ԵՏՄ-ին անդամակցումը լավ գեներատոր է լինելու. Արսեն Ղազարյան
«21-րդ դարի հայ գործարարը պետք է ավելին լինի, քան ժամանակին եղել են մեր նախահիմքը հանդիսացող Մանթաշովներն ու Արամյանցները, քանի որ ժամանակները փոխվել են, մրցակցությունը թե ներքին, թե արտաքին շուկաներում շատ թեժ է, անընդհատ խստացող է և պահանջում է մեզանից ավելին»,- այս մասին այսօր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարում նշեց միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Անդրադառնալով տնտեսության զարգացմանը, Ա.Ղազարյանը նշեց, որ միայն ստվերի նվազեցման հաշվին տնտեսական աճ հնարավոր չեղավ ապահովել:
«Եթե միայն ստվերի նվազեցման վրա մեր հույսը դնենք, ապա այդ ցուցանիշները մեծ չեն լինի: Մենք պետք է աշխատենք տնտեսական աճի զարգացման վրա, պետք է մշակենք ծրագրեր, անենք ամեն ինչ, որպեսզի ապահովվի տնտեսական ու որակական աճ, ինչի հաշվին հարկերի հավաքագրումն ավելի մեծ կլինի: Իսկ դա իր հերթին կբերի աշխատատեղեր, ներդրումներ, ինչպես նաև արտագնա հոսքի նվազում, Հայաստանում բիզնես անելու ցանկություն»,-ընդգծեց Ա.Ղազարյանը:
Ըստ գործարարի` ձեռքբերումները քիչ չեն, վերջին տարիներին Հայաստանում էապես աճել է արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունը, բայց այսօր ժամանակի մարտահրավերները փոխվել են և բարդացել, համաշխարհային շուկայում շահերի բևեռացում և հակադիր բախումներ են նկատվում, տարածաշրջանային բացասական գործառույթները նունպես իրենց ազդեցություն են ունենում տնտեսության զարգացման վրա:
«Այս դեպքում մեզ համար խնդիր է դառնում արտադրության վերակազմակերպումը այն ոլորտներում, որտեղ ունենք ձեռքբերում»,- ասաց Ա.Ղազարյանը:
Անդրադառնալով երեկ ՀՀ Ազգային ժողովի կողմից ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրի ընդունմանը, Ա.Ղազարյանը ողջունեց այդ փաստը:
«Մենք` որպես գործարարներ, նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ նախագահի քաղաքական հայտարարությունից հետո առաջիններից մեկն էինք, որ հավատացինք` ԵՏՄ-ին անդամակցումը լավ գեներատոր է լինելու»,- ընդգծեց գործարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները