Է. Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանում
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարն իր ելույթում ասել է.
«Պարոն Նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալթերին և նրա թիմին` ողջ տարվա ընթացքում Կազմակերպության գործունեության մեջ ներդրած ջանքերի համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի կառավարությանը` հյուրընկալության և նախարարական խորհրդի լավ կազմակերպման համար:
Առաջին աշխարհամարտի մեկնարկի հարյուրամյակի և Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակի նախօրեի համատեքստում արժանի է հիշատակման, որ այս Կազմակերպության հիմքում ընկած սկզբունքերը ընդունվել են ավերիչ ողբերգությունների, արհավիրքների, միլիոնավոր զոհերի և գրեթե ողջ մայրցամաքի ավերածության ցավալի դասերի և դառը փորձի արդյունքում:
Առաջին աշխարհամարտի քողի ներքո Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի հարյուրերորդ տարելիցն է նշվելու հաջորդ տարի: Դա վկայում է, թե ինչ աստիճանի կարող է հասնել բարոյազրկումը` մարդու իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային համակարգի բացակայության պայմաններում:
20-րդ դարի ողբերգական պատմության ուղղակի հետևանք էր պատերազմներից, բաժանարար գծերից, փակ սահմաններից և ազդեցության գոտիներից զերծ նոր համընդհանուր անվտանգության միջավայր ստեղծելու ձգտումը, որտեղ լիարժեքորեն հարգվում են անհատի արժանապատվությունն ու հիմնարար ազատությունները: Այդ գաղափարները հետագայում ամրագրվեցին ՄԱԿ-ի կանոնադրությունում, Հելսինկյան եզրափակիչ ակտում և միջազգային իրավունքի հիմնական փաստաթղթերում` հնարավորություն ընձեռելով ժողովուրդներին զարգացնելու և պաշտպանելու իրենց իրավունքներն ու ազատորեն տնօրինելու իրենց սեփական ապագան: Այս իրավունքների իրականացումը հանգեցրեց արդի բազմաթիվ պետությունների առաջացմանը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով:
Այս գիտակցությամբ է պայմանավորված այլ մասնակից պետությունների հետ մեկտեղ Հայաստանի գործուն ներգրավվածությունը` Հելսինկի + 40 գործընթացին: Համոզված ենք, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման 40-ամյակին ընդառաջ մեր հավատարմության վերահաստատումը նրա սկզբունքներին նոր լիցք կհաղորդի ԵԱՀԿ-ին և նրա գործադրած ջանքերին:
Պարոն Նախագահ,
Մեր կազմակերպության արդյունավետությունը մեծապես կախված է բոլոր երեք հարթություններում ի հայտ եկող մարտահրավերների` ժամանակին և պատշաճ գնահատման և հանգամանալից արձագանքման կարողությունից:
Սպառազինությունների վերահսկումը, վստահության և անվտանգության կառուցման միջոցները պետք է տեսանելի տեղ զբաղեցնեն մեր օրակարգում: Ներկա պայմաններում անգամ, մենք պետք է օգտագործենք յուրաքանչյուր հնարավորություն` կանխելու առկա սպառազինությունների ռեժիմների հետագա քայքայումը և ջանասիրաբար աշխատենք, ստեղծագործ մոտեցումների միջոցով, նոր լուծումներ գտնելու համար:
Մենք ողջունում ենք շվեյցարական նախագահության նախաձեռնությունը`բարձրացնելու օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հարցը: Մարդու իրավունքների զանգվածային և կոպտագույն խախտումները, օտարերկրա ահաբեկիչների ներգրավմամբ այնպիսի խմբավորումների կողմից, ինչպիսիք են «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» և «Ալ-Նուսրա ճակատը», լուրջ սպառնալիք են ոչ միայն ԵԱՀԿ հարևանության, այդ թվում` Միջերկրածովյան գործընկերների, այլ նաև` ԵԱՀԿ բուն տարածաշրջանի համար:
...Եզրափակելով խոսքս՝ կցանկանայի հայտնել Հայաստանի պատրաստակամությունը` աջակցելու Սերբիայի առաջիկա նախագահությանը` իր օրակարգի իրականացման գործում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում