Sabah թերթը ԼՂՀ-ն ներկայացրել է որպես անկախ պետություն և շարժել ադրբեջանցիների զայրույթը
Թուրքական «Սաբահ» (Sabah) թերթում հրապարակված «3 մայրաքաղաք, 11 պետական լեզու և 5 լեզվով ազգային օրհներգ» վերնագրով հոդվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ պետություն ներկայացնելու փաստը Ադրբեջանի տարբեր շրջանակներում մեծ զայրույթ ու բողոքի դրսևորումներ է առաջացրել: Այս մասին գրում է թուրքական «Հաբերիմփորթ» լրատվական կայքը:
Հաղորդվում է, որ թեմային անդրադարձել են ադրբեջանական գրեթե բոլոր լրատվական միջոցները: Կայքն ադրբեջանական մամուլից առանձնացրել է մի քանի հրապարակումների վերնագրեր` «Մուսավաթ թերթ»-«Հայկական սադրանք թուրքական Սաբահ թերթում», իշխանամետ «Սես» թերթ-« Եվս մեկ անարգանք թուրքական մամուլից»:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ենթակայության տակ գործող «Հալք» թերթում էլ քննադատություններով են հանդես եկել որոշ պատգամավորներ ու քաղաքագետներ:
«Ադրբեջանի ազգային հ/կ-ներ» ֆորումն էլ, որն իր կազմում է ներառում 648 ադրբեջանական հասարակական կազմակերպություն, հանդես է եկել հայտարարությամբ՝ «Սաբահ»-ից պահանջելով ներողություն խնդրել ադրբեջանական ժողովրդից:
Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմի բազմապիսի բողոքների արդյունքում «Սաբահ»-ն «ուղղում» է կատարել հրապարակման մեջ: