Այն, ինչ տեղի է ունենում գլոբալ տնտեսությունում, իր արձագանքը պետք է գտնի նաև Հայաստանի տնտեսական ցուցանիշներում. Սերժ Սարգսյան
«Հայաստանի տնտեսությունը հաղթահարել է զարգացման երկու կարևորագույն փուլ, և այժմ գտնվում է որակական նոր հարթությունում, սակայն նոր մարտահրավերով, որի համար պետք է ավելի արդյունավետ հենքով տնտեսություն և ավելի մրցունակ ձեռնարկություններ»: Այս մասին այսօր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարի բացմանը նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքերով` այսօր համաշխարհային տնտեսությունում ընթանում են խորքային գործընթացներ:
«ԱՄՆ տնտեսության այլ գերտերությունների համեմատ հարաբերական դրական զարգացումներով պայմանավորված, վերջինիս արժույթի ուժեղացումը գլոբալ տնտեսությունում, քաղաքական հակարմարտությունների խորացումը, փոխադարձ տնտեսական պատժամիջոցների կիրառումը հանգեցնում է տնտեսական ծանր հետևանքների: Այս ամենի հետ մեկտեղ մենք հետճգնաժամային իրավիճակից, համաշխարհային տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերի ու դեռևս որոշ գերտերություններում չլուծված կառուցվածքային տնտեսական խնդիրների առկայության ականատեսն ենք»,- ասաց Նախագահը:
Ըստ Ս. Սարգսյանի, Հայաստանը` իր ազատականացված տնտեսությամբ, չի կարող ամբողջովին անմասն մնալ համաշխարհային տնտեսությունում ընթացող գործընթացներից. «Խոսել Հայաստանի տնտեսության մասին, առանց հաշվի առնելու ներկայիս գլոբալ տնտեսության իրականությունը, ճիշտ չէ: Այս տարի մենք վկա ենք մեր տնտեսության համար առևտրային խոշոր գործընկեր Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացմանը, որը բնորոշվեց տնտեսական ակտիվության կրճատմանը զուգահեռ գնաճի արագացմանը մինչև 8.8 տոկոսի, կապիտալի արտահոսքի` մոտ 90 մլրդ ռուբլու չափով, ինչպես նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու ավելի քան 40 տոկոս արժեզրկման»:
Նախագահի խոսքերով` ԱՄՆ դոլարը գլոբալ տնտեսությունում ամրապնդում է իր դիրքերը այլ արժույթների նկատմամբ. «Այսպես, օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ դոլարը եվրոյի նկատմամբ արժևորվել է 10,2 տոկոսով, շվեյցարական ֆրանկի նկատմամբ` 8.6 տոկոսով, բրիտանական ֆունտի նկատմամբ` 4.3 տոկոսով, ճապոնական իենի նկատմամբ` 15, տոկոսով, վրացական լարիի նկատմամբ` 8,9 տոկոսով»:
Սերժ Սարգսյանը նաև հավելեց, որ Վրաստանի օրինակը պատկերավոր ձևով հերքում է բոլոր այն մարդկանց վարկածները, ըստ որի` Հայաստանում դրամի արժեզրկման հիմնական պատճառը Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելն է:
«Այդ դեպքում, Վրաստանում ինչո՞ւ է արժեզրկվում: Ինչո՞ւ են մնացած երկրներում էլ արժեզրկվում»,- նշեց Ս.Սարգսյանը` ավելացնելով, որ ԵՄ տնտեսություններում նախորդ երկու տարիների 0,7 և 0.4 տոկոս անկումից հետո, այս տարի էական վերականգնում չի ակնկալվում:
Ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող շարժվել հոսանքին հակառակ և այն, ինչ տեղի է ունենում գլոբալ տնտեսությունում իր արձագանքը պետք է գտնի նաև Հայաստանի տնտեսական ցուցանիշներում:
«Այդուհանդերձ, ՀՀ կառավարությունը և Կենտրոնական բանկը պետք է ավելացնեն ջանքերը` արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունները մեր տնտեսության վրա մեղմելու և անհրաժեշտ ճշգրտումները սահուն իրականացնելու համար»,- ընդգծեց հանրապետության ղեկավարը:
Նա միևնույն ժամանակ ասաց, որ համաշխարհային տնտեսության մեջ առկա անորոշությունների պարագայում Հայաստանի համար կարևորագույն մարտահրավեր է մնում երկարաժամկետ կայուն տնտեսական աճի համար հիմքերի ստեղծումը: Ըստ Ս. Սարգսյանի` գործազրկության և աղքատության հետագա կրճատման տեմպերն արագացնելու միակ ու բացառիկ միջոցը աճի տեմպի արագացումն է կայուն գնաճի պայմաններում:
«Այս առումով, ՀՀ տնտեսությունում առաջնահերթ է նոր ներդրումների ներգրավումը և դրա միջոցով արտադրական ներուժի մեծացումը: Սակայն գաղտնիք չէ, որ ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ տնտեսապես շահավետ է, ներդումային միջավայրը բարենպաստ և ներդրումները վտանգված չեն: Տնտեսապես շահավետության տեսանկյունից, ներկայումս մեր երկիրն ունի օբյեկտիվ սահմանափակվածություն, ինչը հիմնականում տնտեսության փոքր ծավալներն են, սակայն վստահ եմ, որ ԵՏՄ-ի անդամակցությամբ այս խնդիրը լուծելի է դառնում, քանի որ Հայաստանը դառնալու է ԵՏՄ տնտեսության տարածքի մաս և դրա հաշվին մեծանալու է ներդրողների շարժառիթները մեր երկրում ներդրումներ կատարելու», - ասաց Ս.Սարգսյանը: