Երգչախմբային արվեստի միջազգային օրը` մարզերում ու Արցախում
«Այս տարի երգչախմբային արվեստի միջազգային օրը նշվելու է նաև մարզերում, մասնավորապես` Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Արցախում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:
Նշենք, որ երգչախմբային արվեստի միջազգային օրը նշվում է 1990 թվականից սկսած: Ամբողջ աշխարհում այս օրը նշում են շուրջ 150 երկրների հարյուր հազարավոր երգչախմբեր:
«Միջոցառման գաղափարը միավորվելն է, իսկ դրա ամենահեշտ և ընդգրկուն տարբերակը երգչախմբային արվեստն է»,-ասաց Հեքեքյանը:
Արդեն չորրորդ տարին է, ինչ «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան կազմակերպում է համերգ՝ նվիրված երգչախմբային արվեստի միջազգային օրվան: Դեկտեմբերի 6-ին ելույթ կունենան Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի ինչպես նաև Արցախի երգչախմբերը մարզկենտրոններում, իսկ հանրապետության լավագույն տասը պետական, մանկական և սիրողական երգչախմբերը Երևանի «Արամ Խաչատրյանի» անվան մեծ համերգասրահում:
Ըստ Հեքեքյանի՝ մարզերում շատ ոգևորված են այս միջոցառումով. «Կյանքն այնտեղ այդքան ակտիվ չէ մշակութային միջոցառումներով: Սակայն մարզերում լուրջ խնդիր կա, քանի որ միջոցառումը ձմռանն է անց կացվում, դահլիճները չեն ջեռուցվում և հավաքվելը շատ դժվար է դառնում»:
Նա շեշտեց, արդեն վաղուց ժամանակն է մտածելու, որ գոնե յուրաքանչյուր մարզկենտրոնում ամենակարևոր դահլիճը ջեռուցվի:
Հանդիպմանը ներկա Փարոս երգչախմբի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Միքայելյանը հավատում է, որ մի օր Հայաստանի երգչախմբերը, մերձբալթյան երկրների նման, կմիավորվեն ու միասին կերգեն 10 հազար ձայնով.« Այսպիսի միջոցառումը լիցք է տալիս մի ամբողջ տարվա համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին