Շատերի համար մեր խնդիրը խնդիր չէ, եթե չի բխում իրենց երկրի շահերից ու անվտանգությունից. Հ. Դեմոյան
Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցը համայն հայության անվտանգության հարցն է: Այս մասին այսօր Բանակցության երևանյան կենտրոնի կազմակերպած համաժողովի ժամանակ ասաց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Համաժողովը նվիրված էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ռազմավարությանը, հայկական պահանջատիրության` վերականգնման և հատուցման իրավաքաղաքական ուղիներին և այս համատեքստում ՀՀ իրականացրած դիվանագիտական քայլերին:
«Չպետք է կորցնենք իրատեսութան զգացումը: Այսօր աշխարհում կան բազմապիսի խնդիրներ: Այս տարվա ընթացքում ականատես եղանք նաև զանգվածային ոճրագործության, որի նկատմամբ աշխարհի արձագանքը գրեթե ոչինչ էր: Եվ եթե աշխարհում հարցնեիր մարդկանց, ինչ իրադարձություններ եղան այս տարի, երևի թե շատերը ֆուտբոլի աշխարհի առաջնությունը նշեին առաջինը»,-նշեց Դեմոյանը:
Նրա խոսքերով՝ շատերի համար մեր խնդիրը խնդիր չէ, եթե չի բխում իրենց երկրի շահերից և անվտանգությունից:
«Հայոց ցեղասպանության հարցը անվտանգության խնդիր է, ոչ թե հուզվելու, կամ ուղղակի պատմություն, որի մասին կարելի է անցյալով խոսել: Ցեղասպանությունը եղած ու վերջացած հարց չէ, այն միայն Ծիծեռնակաբերդ այցելելը չէ և չի կարելի ընկալել որպես հուզմունքի կամ անցյալի ավարտված հարց: Այն մեր պետական երաշխիքների հարցն է»,-ավելացրեց թանգարան-ինստիտուտի տնօրենը:
Ըստ նրա՝ թուրքական վախերը կապված են տարածքային, ֆինանսական կորուստների հետ, սակայն նրանք ունեն նաև հոգեբանական խնդիր։
Համաժողովին ներկա «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ իր ելույթում նշեց, որ առանց հատուցման իր համար Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը անընդունելի է. «Ես շատ թուրքերի գիտեմ, որ ճանաչում են Ցեղասպանությունը, բայց երբ գործը հասնում է տարածքներին, ասում են՝ մոռացեք դրա մասին»:
Ըստ Պապյանի՝ միակ հնարավորությունը մնում է իրավական դաշտը. «Ես իմ աշխատանքներում կենտրոնացած եմ ավելի տարածքային հարցերի վրա: Խոսքս ՀՀ տարածքի մասին է, որը օկուպացված է Թուրքիայի կողմից, ոչ թե պատմական Հայաստանի տարածքի»: