Ֆրանսուա Օլանդն անսպասելի մեկնում է Մոսկվա
Այսօր Մոսկվայում կայանալու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի չծրագրված հանդիպումը: Այս մասին «Իտառ-Տասս» գործակալության տեղեկացմամբ, հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:
Կրեմլում ևս հաստատել են Ֆրանսիայի ղեկավարի այցը Մոսկվա:
Ֆրանսիական դիվանագիտական աղբյուրների տվյալներով, հանդիպումը կայանալու է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
Նշվում է, թե բանակցությունների հիմնական թեման է լինելու ուկրաինական ճգնաժամի հաղթահարումը:
Նախօրեին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Օլանդն հայտարարել էր, թե անհրաժեշտ է շարունակել Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ քննարկումները՝ Ուկրաինայում լարվածությունը թուլացնելու համար: