Ձմռանը պարտադիր պետք է գլխարկ կրել, շարֆ կապել. Մասնագետի խորհուրդները
Սիրտ-անոթային հիվանդություններից մահացության դեպքերը գրանցվում են առավելապես գարնանը և աշնանը, մինչդեռ վերջին շրջանում հաստատվել է, որ վտանգավոր շրջանը հենց ձմռան ամիսներն են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սիրտ-թոքային կլինիկայի տնօրեն Մարինե Օրդյանը:
Նրա խոսքերով՝ ցրտի պատճառով սրտի և գլխուղեղի անոթները նեղանում են, արյան շրջանառությունը վատանում, ուստի, ըստ մասնագետի, հարկավոր է ձմռանը պարտադիր գլխարկ կրել, շարֆով բերանը փակել, բացի այդ, ոտքերը պետք է տաք պահել:
Մ. Օրդյանը նշեց, որ աշխարհում սրտանոթային հիվանդություններով հավասարապես հիվանդանում են և կանայք, և տղամարդիկ: Հատկանշական է, որ կանայք մինչև կլիմակտերիկ շրջանն ավելի քիչ են սրտանոթային հիվանդություններով տառապում:
Ըստ նրա՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները բավական երիտասարդացել են, ինչին նպաստում են նյարդահոգեբանական լարվածությունն ու շատ այլ գործոններ:
Մ.Օրդյանի խոսքերով՝ սիրտ-անոթային հիվանդություններն ունեն ռիսկի գործոններ. դրանք են՝ ծխելը, խմելը, ճարպակալումը, նստակյաց կենսակերպը, արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը, ինչպես նաև՝ գեները: Սրտաբանը խորհուրդ է տալիս սրտանոթային խնդիրներից խուսափելու համար նախևառաջ դադարեցնել ծխախոտի օգտագործումը, սահմանափակել խմիչքի, կերակրի աղի օգտագործումը, ավելացնել ֆիզիկական ակտիվությունը, զբոսնել կամ սպորտով զբաղվել շաբաթական գոնե 2 անգամ:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամբողջ աշխարհում մահացությունների 30 տոկոսը բաժին է ընկնում սիրտ-անոթային հիվանդություններին: Ընդ որում, մահացությունների 80 տոկոսը բաժին է հասնում զարգացող երկրներին:
Սիրտ-անոթային հիվանդությունները համարվում են խրոնիկ և ենթադրում են ոչ թե կուրսային, այլ մշտական դեղորայքային բուժում: Այսպիսի հիվանդությունների հիմնական ախտանիշներն են՝ շնչարգելությունը, սրտխփոցը, գլխապտույտը, օդի չհերիքելու զգացողությունը և ցավը կրծքավանդակում: