Դեկտեմբերի 8-25-ը Սևանա լճում կարգելվի ձկնորսությունը
«Սևանա լճում և լիճ թափվող գետերում այս տարվա դեկտեմբերի 8-25-ը բոլոր ձկնատեսակների և խեցգետնի որսն արգելելու մասին» բնապահպանության նախարարի հրամանը երեկ հրապարկվել է Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
Քննարկվել են հրամանից բխող համատեղ միջոցառումների ծրագիրը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը և Կարեն Հակոբյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանը, ՀՀ ոստիկանության Գավառի, Մարտունու, Սևանի, Ճամբարակի և Վարդենիսի բաժինների պետերը, Սևանի ափամերձ համայնքների ղեկավարները, «Սևան «Ազգային պարկ»-ի և տարածքային մասնաճյուղերի պատասխանատուները:
Մարզպետարանից տեղեկացնում են, որ մինչև դեկտեմբերի 8-ը «Սևան» Ազգային պարկի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային և տարածքային ստորաբաժանումների և Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ ուժերով Սևանա լճից դուրս են բերվելու բոլոր որսացանցերն ու լողամիջոցները, լճի ափերից՝ շարժական տնակները, շուրջօրյա հսկողություն է սահմանվելու լճի վրա, շուկաներում կամ այլ վաճառակետերում, պահակակետեր են ստեղծվում ինչպես մայրուղիների առանձին հատվածներում, այնպես էլ՝ լիճ տանող ճանապարհներին և գետային ավազաններում:
ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ուժերով կարելի է հասնել ցանկալի արդյունքի՝ նվազագույն հասցնելով որսագողությունը: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն էլ հավաստիացրել է, որ համայնքների ղեկավարների հետ քննարկվել է իրավիճակը և համագործակցված և բացատրական աշխատանքների արդյունքում կարվի հնարավորը , որպեսզի առաջիկա երկու շաբաթներին բացառվեն Սևանա լճից ձուկ և խեցգետին որսալու դեպքերը:
Բնապահպանության նախարարությունից էլ տեղեկացնում են, համատեղ միջոցառումների ծրագրով սահմանվել է, որ Լիճք, Վարդենիկ, Մաքենիս և Մասրիկ գետերի ավազանում գտնվող համայնքների բնակչության հետ պետք է տարվի համապատասխան բացատրական աշխատանք, միաժամանակ սահմանելով խիստ հսկողություն նշված գետերի հունի երկայնքով: Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:
Միջոցառումների ծրագրով նաև նախատեսվում է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, ՀՀ ոստիկանության և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից իրականացնել Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում: Հանձնարարվել է նաև կազմակերպել ստուգայցեր Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում և լիճ թափվող գետերի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան