Հայաստանում կոնյակի, գինու, օղու արտադրության ծավալները նվազել են, իսկ գարեջրինը` աճել
ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2014թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 14 684.9 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,6%-ով: ԱՎԾ-ի փոխանցմամբ` 2013թ.-ին նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 15 551.6 հազար լիտր:
Ըստ ԱՎԾ-ի` հանրապետությունում հունվար-հոկտեմբերին արտադրվել է 7 364.3 հազար լիտր օղի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6,5 %-ով (2013-ին արտադրվել է 7 879.7 լիտր օղի):
Հայաստանում գինու արտադրության ծավալները նույնպես կրճատվել են: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում արտադրվել է 4 313.9 հազար լիտր գինի: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 9%-ով: Նշենք, որ 2013թ-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել էր 4 712.3 հազար լիտր գինի:
Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ 5%-ի աճ է արձանագրվել` կազմելով 282.3 հազար լիտր: Նշված ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 22 094.3 հազար լիտր գարեջուր` 2013թ-ի հունվար- հոմտեմբերի համեմատ աճելով 30,2%-ով:
ԱՎԾ-ի տվյալներով` հանրապետությունում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2014-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ աճել է 33.1%-ով` կազմելով 64 353.8 հազար լիտր: