Տնտեսագետ. 2014 թվականի դրությամբ չինական յուանը գերազանցել է ամերիկյան դոլարին
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, Ռուսաստանն այսօր իր տնտեսությունից դոլարի դուրսմղման ճանապարհն է բռնել: Այս մասին նա լրագրողներին հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ համատեղ ասուլիսում:
Վիլեն Խաչատրյանն էլ համաձայնեց Ադիբեկյանի հնչեցրած կարծիքին նշելով, որ Ռուսաստանը նմանատիպ քաղաքականություն փորձել է վարել նաև արաբական երկրների հետ համագործակցության միջոցով. «Այսօր էլ Չինաստանի հետ ունեցած առևտրային հարաբերությունների միջոցով կողմերը փորձում են մեծացնել յուանի տեսակարար կշիռը»:
Տնտեսագետի խոսքերով՝ յուանը համարվում է քիչ փոխարկելի արժույթ, սակայն Չինաստանն այսօր նպատակ ունի այն դարձնել համաշխարհային տարադրամ և այդպիսով բարձրացնել պետության կշիռն աշխարհում: Ըստ Վիլեն Խաչատրյանի՝ 2014 թվականին իր գնողունակության տեսակետից յուանը գերազանցել է ամերիկյան դոլարին: Այս տարի Չինաստանն իր համախառն ներքին արդյունքով ևս առաջ անցավ ԱՄՆ-ից: Խաչատրյանն ասում է, որ առաջիկայում ԱՄՆ-ի տնտեսությանը դժվար օրեր են սպասվում: Մասնավորապես, կգրանցվի դոլարի հետհոսք:
Սոցիոլոգ Ադիբեկյանի կարծիքով, եթե Չինաստանն առաջատար երկիր դառնա ոչ թե ՀՆԱ-ի, այլ տեխնոլոգիաների ծավալով, ԱՄՆ-ը կարող է հակազդել վերջինիս՝ սպառնալով չինական թեթև արդյունաբերությանը: Սոցիոլոգը սա բացատրում է այսպես. «ԱՄՆ-ը էժան գներով Չինաստանից ձեռք է բերում թեթև արդյունաբերական ապրանքներ, մինչդեռ վերջինիս տեխնոլոգիաներ է վաճառում անհամեմատ բարձր գներով: Արդյունքում չինական թեթև արդյունաբերության ոլորտում աշխատող բազմաթիվ մարդիկ կմնան գործազուրկ, ինչն անհետևանք չի մնա չինական տնտեսության համար»: