Արտակ Դավթյան. ԵՏՄ-ին անդամակցելով Հայաստանը չի հրաժարվում ԵՄ-ի հետ երկխոսությունից
«Հնչեցին կարծիքներ, որ ԵՏՄ-ն մեզ օգուտներ է տալու, սակայն այդ միության հենասյան` Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է լուրջ խնդիրների առջև և այդ խնդիրները պատժամիջոցների հետևանքով միայն խորանալու են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Նա նշեց, որ գները Հայաստանում բարձրանում են և դա սպասելի էր ու չպետք էր խաբել հանրությանը, թե գները չեն բարձրանալու և ԵՏՄ մտնելով կլուծվեն Հայաստանի տնտեսական խնդիրները. «ԵՏՄ մտնելուց նշում էին, որ դա լուծելու է անվտանգության խնդիրներ, իսկ ուղղաթիռի խոցումը այդ միֆը նույնպես ցրեց»:
Ա. Սեդրակյանի խոսքով, Հայաստանի` ԵՏՄ մտնելով ոչ մի տնտեսական խնդիր դեռևս չի լուծվել. «Արևմուտքից եկած միլիարդավոր օգնությունը շորթվեց և այն չներդրվեց Հայաստանի տնտեսության մեջ, իսկ Ռուսաստանը այս պահին նման է սուզվող տիտանիկի»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանն էլ նշեց, որ անկախությունից հետո հնչում էին հայտարարություններ, թե Արևմուտքը մեր գլխին մանանա է լցնելու, սակայն դա չեղավ. «Հայաստանը կատարել է իր ընտրությունը և ԱԺ-ն ընդունել է ԵՏՄ-ին միանալու որոշումը, սակայն դա չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվելու է ԵՄ-ի հետ երկխոսությունից»:
Հայաստանն, ըստ Դավթյանի, տնտեսական զարգացումը տեսնում էր և-և սկզբունքի մեջ, սակայն Հայաստանին կանգնեցրեցին փաստի առաջ` ընտրել Ռուսաստանի կամ ԵՄ-ի միջև: Ա. Դավթյանի խոսքով, ԵՏՄ-ի անդամակցության տնտեսական օգուտների մասին եղել են բազմաթիվ քննարկումներ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը տնտեսագետներով չի փայլում: Նա հավելեց, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները սխալ են և դրանք լինելու են կարճաժամկետ և չեն սպանելու Ռուսաստանի տնտեսությունը: