Նախարար. Հայաստանում այսօր չունենք քաղբանտարկյալներ
Հայաստանում քաղբանտրակյալներ չկան: Այս մասին այսօր «Ազատություն» TV-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե իրեն մեղավոր չի՞ զգում, որ Հայաստանում, հանձին Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի և նրա ընկերների, կան քաղբանտարկյալներ:
«Հարցադրման հեղինակի տեսակետին համաձայն չեմ: Հայաստանում այսօր չունենք քաղբանտարկյալներ: Ապրում ենք ազատ խոսքի հասարակությունում, յուրաքանչյուրն ունի գնահատականները տալու, կարծիք հնչեցնելու իրավունք: Որևէ միջազգային իրավապաշտպան մոնիտորինգային կազմակերպության կամ որևէ երկրի քաղաքական զեկույցներում, համենայն դեպս, վերջին տարիներին Հայաստանում քաղբանտարկյալների առկայություն արձանագրված չէ»,-ասաց նախարարը:
Հ. Մանուկյանը նշեց, որ չի ուզում ասել, թե դա վերջնական ճշմարտություն է, որոշումները կայացնելիս, ինչ-որ հարցերի վերաբերյալ եզրակացություններ ձևավորելիս հետևում են որևէ միջազգային կազմակեպության, պետության կարծիքի վրա, բայց, այնուամենայնիվ, այսօր աշխարհում ընդունված է որպես գնահատական դիտարկել հենց այդ եզրակցություններն ու դրանց ամբողջությունը. «Ահա այսպիսով, քաղբանտարկյալների առկայության որևէ դեպք նման զեկույցներում և գնահատականներում առկա չեն»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մարտի 1-ի դեպքերից հետո էլ չեն եղել քաղբանտարկյալներ, նախարարը պատասխանեց. «Այո, որոշակի քննարկումներ մարտի 1-ի իրադաձությունների արդյունքում եղել են, բայց դրանից հետո Հայաստանում որևէ քրեական վարույթի վերաբերյալ, որևէ նման գնահատական միջազգային հարթակներում և իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներում չի հնչել»:
Կոնկրետ Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի վերաբերյալ, Հ. Մանուկյանն ասաց. «Քաղաքականությունը և քրեական իրավունքը տարբեր բաներ են: Մարդը կարող է քաղաքական որոշակի գործընթացների մասնակից լինել և արդյունքում այնպիսի իրավախախտումներ թույլ տալ, որոնք Քրեական օրենսդրության, Քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ որակվեն հակաօրինական, քրեորեն պատժելի արարք: Պարտադիր չէ քաղաքական գործունեություն իրականացնել ու խախտել վարչական, քրեական որևէ օրենք: Այնուամենայնիվ, այդ տրամաբանության մեջ եթե առանձին գործողություններ, դրսևորումներ են տեղի ունենում, որոնք քրեորեն պատժելի են համարում, համապատասխան իրավասու մարմինները չեն կարող թողնել անարձագանք»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում