Ջ. Հեֆերնը կարևորում է ընտանեկան բռնության մասին հատուկ օրենքի ընդունումը
«Մեր նպատակն է, որ ընտանեկան բռնության խնդրի մասին խոսվի, քանի որ այդ ճանապարհով է հնարավոր լուծել այն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ Պերճուհի Կաժոյանը:
Նշենք, որ գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, ֆիլմերի դիտում, հանրային ակցիաներ: Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն` 2014 թվականի ընթացքում 1500 ահազանգ է ստացվել ընտանեկան բռնության հետ կապված:
Անդրադառնալով ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունմանը՝ Պերճուհի Կաժոյանն ասաց, որ կոալիցիան և անդամ կազմակերպությունները մերժումից հետո վերամշակել են օրենքի նախագիծը. «Այս տարի շատ բուռն տեմպերով փորձում ենք օրենքն անցկացնել: Նոյեմբերի 25-ին կոալիցիան ԱԺ 131 պատագամավորիներին հանձնեց օրենքի նախագծի փաթեթն անհատական ծրարներով: Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հետ քննարկվելու ենք ընտանեկան բռնության օրենքի նախագծի մանրամասներն ու ճակատագիրը: Օրենքի չընդունումը մի քանի գործոններով կարող եմ պայմանավորել: Նախ և առաջ նկատվում է քաղաքական գործիչների և քաղաքական կամքի պակաս: ԱԺ պատգամավորները միգուցե այս հարցին այդքան էլ կարևորություն չեն տալիս»:
Հանդիպմանը ներկա Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Հենրիետ Արենսն էլ վստահություն հայտնեց, որ միայն մեկ օրենքը չէ, որ կփոխի իրավիճակը: Անհրաժեշտ են համախմբված ջանքեր, հատուկ մշակված քաղաքականություն:
«Կարևոր է հատուկ օրենք ընդունելը, որը քրեական հետապնդում կնախատեսի, նաև պաշտպանություն, կանխարգելում բաղադրիչները»,-ավելացրեց քննարկմանը ներկա ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Դեսպանը նաև նշեց, որ այս 16-օրյակի միջոցառումները մեծապես նպաստել են հասարակության իրազեկվածության բարձրացմանը. «Այստեղ խոսքը միայն բռնարարք իրականացնողին պատժելու մասին չէ: Մենք պետք է գործ ունենանք նաև խնդրի կանխարգելման աշխատանքների և տուժողներին աջակցելու հետ»:
Հեֆերնը նաև նշեց, որ անհրաժեշտության դեպքում անպայման պետք է զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներով և դիմել կոալիցիայի օգնությանը: Դեսպանի կարծիքով` ընտանեկան բռնությունները մեծ ներգործություն ունեն նաև երկրի տնտեսության վրա: