Իրաքյան Քրդստանը մտադիր չէ մոտ ժամանակներս անկախության հանրաքվե անցկացնել
Իրաքյան Քրդստանի իշխանությունները մտադիր չեն մոտ ժամանակներս անկախության հանրաքվե անցկացնել, այլ կկենտրոնանան «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ պայքարի վրա: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը` վկայակոչելով Իրաքյան Քրդստանի Արտաքին գործերի վարչության պետ Ֆալահ Մուստաֆա Բաքիրը:
«Հանրաքվե անցկացնելու հարցը այժմ չի քննարկվում այն սպառնալիքների պատճառով, որոնց առջև կանգնած ենք մենք»,-հայտարարել է նախարարը` ավելացնելով, որ հաջորդ ամիս Իրաքի կառավարությունը զինելու է ինքնավարության զինված ուժերին:
Նշենք, որ հուլիսին ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին հայտարարեց անկախության հանրաքվե անցկացնելու մասին, ինչն առաջացրել էր կենտորանական իշխանությունների անհանգստությունը: Սակայն դեկտեմբերի 2-ին Իրաքի իշխանությունները և ինքնավարության ներկայացուցիչները համաձայնության են եկել որոշ վիճելի հարցերի շուրջ:
«Այդ համաձայնությունը իրավական և թարմ մեկնարկ էր մեզ համար»,-նշել է Ֆալահ Մուստաֆա Բաքիրը: