Տնտեսագետ. Հունվարից հետո պարզ կլինի, թե ինչ ավարտ կունենա արժութային պատերազմը
«Եթե մտնում ենք ռուբլու գոտի, պետք է կիսենք ռուբլու կորուստները»,-ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Սոցիոլոգ Ադիբեկյանն ասաց, որ հայկական դրամն իր նոմինալ արժեքից ավելի բարձր գնողունակություն ունի. «Այսինքն, մենք դոլարի դիմաց ավելի շատ ապրանք կարող ենք գնել, քան համարժեք դոլարով նույն ապրանքը՝ զարգացած երկրներում»:
Բացի այդ, Ադիբեկյանի բերած տվյալներով, Հայաստան տարեկան մուտք է գործում մոտ 4,5 միլիարդ ամերիկյան դոլար, որից 3 միլիարդն արտերկրում ապրող մեր հայրենակիցների աշխատանքն է. «Եթե այդ գումարները երկիր են մուտք գործում դոլարի տեսքով, ապա դրսից եկած գումարով ապրող ընտանիքները շահում են այս պարագայում»:
Ըստ Ադիբեկյանի՝ ստեղծված իրավիճակում տուժում են պետական աշխատողները, նպաստառուներն ու թոշակառուները: Սոցիոլոգը, բերելով 2008 թվականի ճգնաժամի օրինակը, խոսեց նաև այն մասին, որ մեր երկիրը, շնորհիվ իր ունեցած սննդային պաշարների, հեշտությամբ է հաղթահարում ճգնաժամերը: Ճիշտ է, 2008 թվականի պարագայում ճգնաժամը հաղթահարվեց պարտքերի հաշվին, բայց Ադիբեկյանի խոսքերով՝ եթե Հայաստանին մեկը պարտք է տալիս, ուրեմն մեծ է վստահությունը, որ այդ պարտքը ետ կստանա:
Ադիբեկյանը խոսեց նաև նման ճգնաժամային իրավիճակներում պետության աջակցության դերի մասին: Մասնավորապես, նա ընդգծեց, որ նման պարագայում պետությունը պետք է նախևառաջ ինդեքսավորի նպաստներն ու թոշակները:
Վիլեն Խաչատրյանը, շարունակելով թեման, նշեց, որ Հայաստանում տնտեսական փոփոխություններն ու արժութային տատանումները գլխավորապես պայմանավորված են համաշխարհային՝ գլոբալ փոփոխություններով: Այսինքն, վերջիններս իրենց արձագանքն են գտնում նաև մեր երկրի ներսում՝ որոշակի ժամանակահատվածում: Ռուբլու արժեզրկումն, օրինակ, ըստ Խաչատրյանի, մեր երկրում իր արձագանքը գտավ մոտ մեկ-երկու ամսում:
Խոսելով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սանկցիաների մասին՝ Խաչատրյանն ասաց, որ դրանք կոնսենսուսի համաձայն կթուլանան 2015 թվականի մարտ ամսին: Անդրադարձավ նաև Ռուսաստանում եվրոյի փոխարժեքին, որը Եվրոպական Կենտրոնական Բանկի վարած քաղաքականության արդյունքում գնալով բարձրանում է: Խաչատրյանը, սակայն, նշեց, որ գալիք տարում նախատեսված է տնտեսության մեջ եվրոյի քանակի ավելացում, ինչը կհանգեցնի վերջինիս արժեզրկմանը:
Բանախոսներն անդրադարձան նաև ռուբլու արժեզրկման վրա նավթի գների ունեցած ազդեցությանը: Վիլեն Խաչատրյանն ասաց, որ ՕՊԵԿ-ի դերը նավթի գնի հարցում զգալիորեն կրճատվել է, քանի որ նավթ արդյունահանող երկրներն այսօր, այսպես ասած, հաշվի չեն նստում վերջինիս հետ: Տնտեսագետը եզրակացրեց, որ մինչև նավթի գինը չթանկանա, ռուսական ռուբլին չի կարգավորվելու:
Ինչ վերաբերում է կանխատեսումներին՝ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը դժվարացավ հստակ կանխատեսումներ անել: Նա նշեց, որ հարկավոր է սպասել և տեսնել, թե ինչ կլինի հունվարից հետո: Բանախոսը հավելեց, որ մինչև մարտ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլանալու պարագայում ռուբլու դիրքերը կվերականգնվեն, ինչի արդյունքում մուտք գործող տրանսֆերտներն ավելի մեծ գնողունակություն կունենան: Տնտեսագետը նաև խորհուրդ տվեց հնարավոր ռիսկերից խուսափելու համար զերծ մնալ սպեկուլյատիվ գործողություններից:
Լրագրողների այն հարցին, թե ինչ է սպասվում ամանորի նախաշեմին գրանցվող գնաճի դեպքում, բանախոսները նշեցին, որ ֆինանսական ճիշտ ռազմավարության որդեգրման պարագայում ժողովուրդը զգալի վնասներ չի կրի: Մասնավորապես, նշվեցին ամանորյա անհարկի ճոխ ծախսերը՝ կապված սննդի և հագուստի հետ:
Ամփոփելով ասուլիսը՝ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ասաց, որ միայն հունվարից հետո պարզ կլինի, թե ինչ ավարտ կունենա «արժութային պատերազմը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները