«Արվեստից դուրս իմ կյանքն առանձնապես չի ստացվում». Սամվել Մկրտչյանին կհուղարկավորեն Գյումրիում
Այսօր Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում կկայանա գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հոգեհանգիստը, իսկ վաղը Գյումրիում՝ հուղարկավորությունը: Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:
Սամվել Մկրտչյանը մահացել է դեկտեմբերի 7-ին. հիվանդ էր:
«Հրաշալի թարգմանիչ էր: Թարգամանել է բարդ գրքեր: Արժանավոր, տաղանդավոր մարդ էր»,- ասում է Է. Միլիտոնյանը:
Ս. Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Թալինում։ Ավարտել է Լենինականի (այժմ` Գյումրի) թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետև` Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, ինչպես նաև «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, նաև թարգմանել է բազմաթիվ գրքեր։ Եղել է «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրը։ Հայաստանի գրողների միության անդամ էր 1995 թվականից։ «Կանթեղ» մրցանակի դափնեկիր է։ Թարգմանել է Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ը, Շեքսպիրի, Էլիոթի և այլ հեղինակների ստեղծագործություններից:
«Ինձ միշտ հետաքրքիր է եղել «դժվար» հեղինակներին թարգմանելը, որովհետև թարգմանությունը ստեղծագործական գործընթաց է, իսկ հեշտ թարգմանվող գործերից ստեղծագործական հաճույք չեմ ստանում: Դժվարները թարգմանելը մարտահրավերի պես է. մի բան, որը պետք է հաղթահարել:…
«Ուլիսեսը» միայն վեպ չի, Հայաստանի համար այցեքարտ է: Ընդամենը քսան երկիր է թարգմանել, այսինքն, հնարավոր է եղել քսան լեզվով թարգմանել: Շատ լեզուներ պարզապես չունեն այդ հնարավորությունը, կոպիտ ասած` լեզուն ֆիզիկապես պատրաստ չէ թարգմանել «Ուլիսես», ընդ որում` այդ լեզուների մեջ մտնում են այնպիսինները, որոնք ավանդաբար համարվում են թարգմանական դպրոցի կրողներ: Փառք Աստծո` մենք ունենք այդ այցեքարտը. եթե »Ուլիսեսշ ունես, ուրեմն ունես մշակույթ: …
Եթե սկսում ես թարգմանել, լրիվ մտնում ես գործի մեջ: «Ուլիսես» թարգմանել նշանակում է գիտական աշխատանք կատարել: Միայն ծանոթագրություններ կազմելը… Պարբերություն թարգմանելու համար տարբեր հոդվածներ եմ կարդացել Ջոյսի վերաբերյալ, որպեսզի ինձ համար լրիվ հստակ լինի ոչ միայն` ինչի մասին է խոսքը, այլեւ ինչո՟ւ է Ջոյսը այդ նախադասությունն օգտագործել այդ ձեւով: Գարսիա Մարկեսի հայտնի խոսքը մեջբերեմ. «Գիրքն ընթերցելու լավագույն ձևն այն թարգմանելն է»: Ես ընթերցել եմ մանրամասն ու նույնը սպասում եմ ընթերցողից: …
Հիմա հարյուր տոկոսով հանգստանալու եմ: Ճիշտն ասած, երբ վերջացրի բուն վեպն ու անցա ծանոթագրություններին, զգացի` ահավոր հոգնել եմ, դրա համար գուցե ընթերցողը ծանոթագրությունները կարդալիս կզգա, որ դրանց մեջ ջոյսյան հումոր եմ մտցրել, որովհետեւ ֆիզիկապես եւ հոգեպես հոգնած էի: Երեսուն տարի է` թարգմանությամբ եմ զբաղվում, նվիրված եմ եղել այդ գործին, բայց «Ուլիսես»-ից հետո չեմ կարծում, որ արդեն ինչ-որ գործ կձեռնարկեմ թարգմանել: Երևի ուրիշ բնագավառում ինձ փորձեմ:…
Մանկության ընկերներիս հետ երբեմն հավաքվում ենք, նվագում, երգեր ենք հորինում, հայտնի երգեր ենք հնչեցնում լիցքաթափվելու և հաճույք ստանալու համար: Կիթառ, մի քիչ դաշնամուր ու մի քիչ էլ շրթհարմոն եմ նվագում: Կարելի է նկարչությամբ զբաղվել, շատ եմ սիրում համակարգչային գրաֆիկայով զբաղվել: Արվեստից դուրս իմ կյանքը առանձնապես չի ստացվում»,- մեջբերումներն արված են 2011 թվականին bravo.am կայքին Ս. Մկրտչյանի տված հարցազրույցից:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին