Դրամի փոխարժեքի տատանումները չեն կարող երկար տևել. Արթուր Ջավադյան
Վերջին շրջանում տեղի ունեցած դրամի փոխարժեքի արժեզրկումը պայմանավորված է համաշխարհային, տարածաշրջանային և ներքին զարգացումներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Անդրադառնալով համաշխարհային զարգացումներին, նա նշեց, որ ԱՄՆ տնտեսության զարգացումների ներքո` զարգացող և զարգացած երկրները գրանցել են իրենց արժույթների արժեզրկում: ԱՄՆ տնտեսության աճի վերկանգնմանը զուգահեռ, վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը դադարեցրեց քանակական ընդլայնման իր ծրագիր, որի միջոցով ամսական 85 մլրդ դոլարի իրացվելիություն էր ներերկվում պետական արժեթղթերի գնումների միջոցով: Վերջինս նպաստեց ԱՄՆ-ում տոկոսադրույքների հետագա բարձրացման, սպասումների ջևավորմանը և կապւլաը հոսքերը զարգացող երկրներից ուղղվեցին դեպի ԱՄՆ:
«Արդյունքում` հիմնական զարգացող երկրները գրանցեցին տնտեսական աճի դանդաղում և արժույթների արժեզրկում»,- ասաց Ա. Ջավադյանը:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին, ապա ԿԲ նախագահի խոսքերով, ԱՊՀ երկրների վրա այս ամենի ազդեցությունը բազմապատկվեց տարածաշրջանային աշխարհաքաղաքական խնդիրներով և նավթի գների անկմամբ:
«Այս երկու գործոնները բերեցին ՌԴ տնտեսական աճի կտրուկ կրճատմանը և ռուբլու փոխարժեքի արժեզրմանը: Այս ամենը ավելացրեց ճնշումները ԱՊՀ տարածաշրջանի երկրներում` արտահանման և դրամական փոխանցումների տեսքով դոլարի ներհոսքի կրճատման միջոցով»,- ընդգծեց ԿԲ նախագահը:
Արդյունքում, ըստ նրա, արտաքին ճնշումներից անմասն չմնաց նաև Հայաստանը: Մասնավորապես, արտաքին ճնշումների ազդեցությունը նպաստեց Հայաստանի ներսում տնտեսավարող սյուբեկտների այն վարքագծին, որ ազատ դրամական և վարկային միջոցները սկսեցին վերածել արտարժույթի` դրա հետևանքով դրամով լրացուցիչ օգուտներ ստանալու ակնկալիքով:
«Կենտրոնական բանկն արդեն զգուշացրել է, որ նման գործողությունները պարունակում են մեծ ռիսկեր, որոնք ոչ մասնագետները չեն կարող ճշգրիտ գնահատել: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ խուճապային վարքագիծը բերում է նրան, որ արժութային շուկայում մեծանում է գնման և վաճառքի փոխարժեքի տարբերությանը` զգալի կորուստների հանգեցնելով: Հետևաբար, նման տատանողական իրավիճակներում խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անհարկի փոխարկումներից և սպասել իրավիճակի կայունացմանը»,- ասաց Ա.Ջավադյանը:
ԿԲ նախագահը միաժամանակ նշեց, որ նման վիճակը չի կարող երկար տևել, քանի որ Հայաստանում վարվող մակրոտնտեսական քաղաքականությունը խելամիտ է և, հատկապես` գնաճի, պետբյուջեի պակասուրդի, արտաքին պահուստների, արտաքին պարտքի և բանկային համակարգի ցուցանիշները գտնվում են կայուն և վերահսկելի մակարդակներում: