Ավստրալիայի կառավարություն. ԻԼԻՊ-ը օտարերկրացի գրոհայիններին որպես «թնդանոթի միս» է օգտագործում
Ավստրալիայի կառավարությունը «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը» մեղադրել է օտարերկրացի գրոհայիններին որպես «թնդանոթի միս» օգտագործելու մեջ: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով Associated Press գործակալությանը:
Ավստրալիայի գլխավոր դատախազ Ջորջ Բրանդիսի խոսքով, ԻԼԻՊ-ի անդամները մոլորության մեջ են գցում Արևմուտքից իրենց միացածներին` վերջիններս հավաստիացնելով, որ առանցքային դերակատարում ունեն կրոնական արշավանքում:
«ԻԼԻՊ-ը նրանց պարզապես որպես թնդանոթի միս, մահապարտներ և քարոզիչներ է օգտագործում»,-The Australian թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Բրանդիսը` ավելացնելով, որ օտարերկրացի գրոհայինները մասնակցում են չմտածված բռնությունների:
Նշենք, որ ըստ Ավստրալիայի կառավարության ունեցած տվյալների` ԻԼԻՊ-ի շարքերում կռվող Ավստրալիայի մոտ 20 քաղաքացի է զոհվել Սիրիայում և Իրաքում: