«Մշակույթների երկխոսությունը» ճիշտ է մոտենում ինչ և ինչպես ցուցադրելուն. Ն. Ավետիսյան
«Որպես այս տարվա առաջին և կարևորագույն միջոցառում կարող եմ նշել «Մինաս և Նարեկ Ավետիսյաններ» ցուցահանդեսը, որը տեղի ունեցավ Գերմանիայի Հալե քաղաքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը՝ ներկայացնելով հիմնադրամի կողմից իրականացված նախագծերի ամփոփումը:
«Սա իսկապես բացառիկ ցուցահանդես էր այն իմաստով, որ անկախության տարիներին առաջին անգամ հայր և որդի ցուցադրվեցին այնպիսի թանգարանում, ինչպիսին է Մորիցբուրգի թանգարանը: Եվ առաջին անգամ գերմանացի հանրությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու հայ ժամանակակից արվեստին»,-նշեց Ս. Հարությունյանը:
2014թ. «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը նախաձեռնել և իրականացրել է յոթ նախագիծ, որոնցից երկուսը՝ Երևանում, իսկ մյուս հինգ նախագիծն իրականացվել է Գերմանիայում, Լեհաստանում և Էստոնիայում:
Հանդիպմանը ներկա Նարեկ Ավետիսյանն էլ կարևորեց մի փաստ՝ «Մշակույթների երկխոսությունը» ճիշտ է մոտենում ինչ և ինչպես ցուցադրելուն. «Կոնկրետ եվրոպայում շատ կարևոր է ճիշտ ներկայացնել այն ամենը, ինչը մեր ժամանակակից արվեստի համար էական նշանակություն ունի»:
Ըստ նկարչի՝ երբեմն ճիշտ արժեքային համակարգեր չեն ներկայացվում. «Մեծ հաշվով մեզ շատ չգիտեն, սրանք առաջին լուրջ քայլերն են, որ պիտի ճանաչեն և մեր մասին կարծիք կազմեն»:
ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանն էլ շեշտեց. «Խիստ կարիք ունենք մեզ դրսևորելու ինչ-որ հարթակի վրա, ինչ-որ ձևաչափով: Ինձ համար շատ կարևոր էր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված Վարշավայի մենահամերգը»:
Դաշնակահարը նաև տեղեկացրեց, որ 2015 թվականին Գերմանիայի Հալե քաղաքում մայիսի առաջին շաբաթը կնվիրվի հայ արվեստին, որի շրջանակներում տեղի կունենա նաև նրա մենահամերգը:
Անդրադառնալով «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի կողմից 2015-ին նախատեսվող միջոցառումներին՝ Սոնա Հարությունյանը հայտնեց, որ հյուրընկալելու են Էստոնիայի ժամանակակից գրաֆիկ արվեստագետներին, որոնք Երևանում կբացեն իրենց ցուցահանդեսը:
«Երկրորդ կարևոր նախաձեռնությունը, որը ևս կլինի Երևանում՝ սեպտեմբերին, հավանաբար Ազգային պատկերասրահում, կբացվի գերմանացի արվեստագետների ժամանակակից արվեստի ցուցահանդեսը»,-ասաց Ս. Հարությունյանը:
Նա նաև ավելացրեց, որ 2015-ին իրականացվելիք բոլոր միջոցառումները անմիջականորեն կապված են լինելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ. «Բոլոր նախագծերը վկայելու են այն մասին, որ մենք այսօր կանք և որոշ չափով համընթաց ենք քայլում միջազգային արվեստի զարգացումների հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին