Չինաստանը դանդաղ, բայց հաստատուն քայլերով շրջանցում է ԱՄՆ-ին
«ԱՄՆ, որպես համաշխարհային գերտերություն, քո օրերը հաշված են»,- այսպիսի ձևակերպում է տվել բրիտանական The Telegraph-ը 2014 թվականին տեղի ունեցած զարգացումների շուրջ: Պարբերականը, մասնավորապես, նշել է. «Մենք դրա ականատեսը նախկինում էլ ենք եղել. Հռոմեական կայսրությունն անկում ապրեց, բրիտանականն էլ… ԱՄՆ-ի տնտեսական գերիշխանությունը կարող է զիջել իր դիրքերը, իսկ Չինաստանը կգրավի նրա տեղը»:
Իհարկե, պատմությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր վերելք ապրող պետություն նաև վայրէջքներ է գրանցել: Սակայն որքանո՞վ է այսօր իրատեսական ԱՄՆ-ի դիրքերի թուլացումը, հատկապես Չինաստանի կիողմից նրա տեղի և դիրքի գրավումը: Կարծում ենք, որ Պեկինի առաջխաղացումն ապացուցում է բազմաբևեռ աշխարհի իրականությունը մեր օրերում: Հետևաբար, հարկ ենք համարում անդրադառնալ, թե ինչ ուժ է առաջ մղում Չինաստանին՝ դառնալ բազմաբևեռ աշխարհի բևեռներից մեկը:
Այն, որ Չինաստանն այսօր դարձել է միջազգային հարաբերություններում որոշիչ դերակատար, փաստ է: Նախ` Պեկինը, որդեգրելով «փափուկ ուժի» քաղաքականությունը, իր դիվանագիտական ջանքերը կենտրոնացրեց Հարավային Ասիայում գերիշխող դիրք հաստատելուն: Այս ոչ շտապողական գիծը բնորոշ է նաև չինական բանակցային մշակույթին: Կարծում ենք, որ հենց այս գիծն էլ հիմք հանդիսացավ վերջերս Պեկինի գրանցած մեծ առաջընթացին. Չինաստանն իր ՀՆԱ-ով առաջ անցավ ԱՄՆ-ից՝ դառնալով համաշխարհային տնտեսության առաջատար երկիր (2014 թվականին՝ Չինաստանի ՀՆԱ- 17,6 տրիլիոն դոլար, ԱՄՆ-ի ՀՆԱ-17,4 տրիլիոն դոլար):
«Դառնալով տնտեսական գերտերություն՝ Չինաստանը փորձում է ետ բերել այն հարգանքը, որը նա վայելում էր նախորդ հարյուրամյակներում»- գրում է The Economist-ը:
Հանուն արդարության նշենք, որ Չինաստանի առաջխաղացումը համաշխարհային գերտերություն դառնալու ճանապարհին ամենևին էլ ԱՄՆ-ի ուժերի «անկման» արդյունք չէ: Պարզապես Պեկինի իշխանությունները կարողանում են փոփոխվող աշխարհում ճիշտ գործածել իրենց որդեգրած «soft power»-ի քաղաքականությունը: Կարճ ասած՝ ինչպես Եզովպոսի հայտնի առակում, կրիան կարողացավ նապաստակից առաջ անցնել, այնպես էլ Չինաստանն է իր դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ գնում:
Նախորդիվ`
«Չինարենի ուսուցմամբ դպրոցի հիմնումը կնպաստի հայ-չինական համագործակցության խորացմանը»
Անի Խաչատրյան, միջազգայնագետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին