Կոռուպցիայի ներկա իրավիճակը Հայաստանում անդառնալի չէ. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»
Դեկտեմբերի 9-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: 2003 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունվել է կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան: Հենց այդ օրն էլ հռչակվել է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ տարիների ընթացքում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել. «Իրավիճակը չի վատացել, բայց լավացման մասին դեռ չենք կարող խոսել»:
Վ. Հոկտանյանի խոսքով, նման իրավիճակի` մի շարք էական և խորքային պատճառները տարիների ընթացքում չեն վերացվում: Դրանք են՝ քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճումը, տնտեսության և քաղաքականության մեջ մոնոպոլիզացիայի բարձր աստիճանը, դատական համակարգի անկախության բացակայությունը, ինչպես նաև հանրության շրջանում վստահության աղետալի ցածր և կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականության բարձր մակարդակը:
Նա նաև նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում լավատեսության հիմք չի տալիս նաև Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը: Համաձայն Կոռուպցիայի ընկալման համաթվի 2014 թվականի արդյունքների, ԵՏՄ անդամ երկրներ ՌԴ-ն, Ղազախստանն ու Բելառուսն ավելի կոռումպացված են, քան Հայաստանը, այսինքն «միամիտ է կարծել, թե հայտնվելով այդ շրջապատում, Հայաստանը կդառնա ավելի քիչ կոռումպացված, քան այժմ է»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԵՏՄ-ի փոխարեն ԵՄ ընտրելու դեպքում Հայաստանում կոռուպցիայի մակարդակը կլավանար, Վ. Հոկտանյանն ասաց, որ ավտոմատ կերպով վիճակի բարելավում չի կարող լինել, ներքին ռեսուրսը, պոտենցիալը պետք է օգնի. «Եվրամիությանն անդամակցած շատ երկրներում տարաբնույթ արդյունքներ ստացվեցին, օրինակ՝ Էստոնիայում վիճակը լավացավ, կոռուպցիայի մակարդակն ընկավ, Եվրամիության շատ երկրներ, այդ թվում նաև հիմնադիր անդամներից, շարունակում են մնալ բավականին կոռումպացված: Սպասենք, տեսնենք, թե Եվրամիության ասոցացման պայմանագիրը վերջերս ստորագրած երկրներում իրավիճակի բարելավում կլինի, թե ոչ»:
Բանախոսը միաժամանակ նշեց, որ կոռուպցիայի ներկա իրավիճակը Հայաստանում անդառնալի չէ, պետք է ձեռնարկել քայլեր կոռուպցիայի էական կրճատման ուղղությամբ: Վ. Հոկտանյանը կարևորագույն քայլեր է համարում՝ քաղաքականության և բիզնեսի սերտաճման հաղթահարումը, տնտեսական և քաղաքական ոլորտներում մենաշնորհների վերացումը, իրապես անկախ դատական համակարգի կայացումը և պետական հաստատությունների նկատմամբ վստահության վերականգնումը:
Նա նաև հիշեցրեց, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության հրապարակած Կոռուպցիայի ընկալման համաթվի 2014 թվականի տվյալների համաձայն` Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվն այս տարի հավասար է 37-ի՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով 1 միավորով: 2013 տվյալներով, Հայաստանում ամենակոռումպացված երեք ոլորտներն են՝ պետական ծառայություն, դատարաններ, առողջապահություն. ընկալման համաթիվը 4-ն է (1-5 միավորանոց համակարգով), այնուհետև ոստիկանություն, կրթություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում