Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության թեման շարունակում է մնալ միջազգային մամուլի ուշադրության կիզակետում
«Ձերբակալելով Խադիջա Իսմայիլովային իր գործունեության համար` դուք միայն ավելի եք գրավում լրագրողների ուշադրությունը ձեր երկրի, նախագահի և Ադրբեջանում ազատ մամուլի ու քաղաքացիական հասարակության նկատմամբ շարունակական ճնշումների վրա»,- նշված է Հռոմում Ադրբեջանի հյուպատոսարանին ուղղված, Investigative Reporting Project Italy կազմակերպության կողմից արված հայտարարության մեջ, որի հետ ժամանակին համագործակցում էր Իսմայիլովան:
Բրիտանական The Guardian ճանաչված պարբերականը ևս նյութ է հրապարակել է, որտեղ ներկայացրել է լրագրողի ձերբակալության նախապատմությունը, ինչպես և պաշտոնական անձանց հայտարարություններից մեջբերումները թեմայի վերաբերյալ:
Համապատասխան բովանդակությամբ նյութեր են հրապարակվել նաև Euronews, France 24, Voice of America լրատվական հեռուստաալիքների, Reuters միջազգային լրատվական գործակալության և EurasiaNet կայքերում: Իրանական, ռումինական, գերմանական, նիդերլանդական ԶԼՄ-ները ևս անդրադարձել են թեմային:
«Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական մասնաճյուղը հաղորդում է, որ Իսմայիլովայի հարազատները փորձել են սնունդ փոխանցել նրան, սակայն բանտում մերժել են: Լրագրողը սնվելու հետ կապված խնդիրներ ունի անցյալ տարի ունեցած վիրահատության պատճառով:
Ադրբեջանական Azeri Report կայքում հրապարակված է Խադիջա Իսմայիլովայի՝ փետրվարին գրված ուղերձը: Իր ուղերձով նա դիմում է նրանց, ովքեր պատրաստ են իր ձերբակալվելու դեպքում օգնել իրեն: Նա խնդրում է հնարավորինս մեծ աղմուկ բարձրացնել դրա շուրջ կամ ընդհանրապես ոչինչ չանել, քանի որ ինքը չի հավատում մարդու իրավունքների պատշտպանությանը փակ դռների հետևում:
Ադրբեջանցի լրագրողին աջակցելու նպատակով ցույցեր են անցկացվել արտերկրում` Մոլդովայում և ԱՄՆ-ում:
Մի խումբ լրագրողներ, իրավապաշտպաններ և Խադիջա Իսմայիլովայի ընկերները բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ում` Ադրբեջանի դեսպանատան առջև: Ինչպես հաղորդում է Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, բողոքի ցույցի մասնակիցներն Իսմայիլովայի ձերբակալությունը համարել են «անարդար» և «նրան լռեցնելու ու կաշառակերության հետագա բացահայտումները կանխելու հերթական փորձը»:
Նշենք, որ ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովային ձերբակալել են դեկտեմբերի 5-ին հարցաքննությունից հետո: Սաբայիլի շրջանի դատարանը որպես նրա նկատմամբ խափանման միջոց սահմանել է երկու ամիս ժամկետով նախնական կալանք: Լրագրողը մեղադրվում է ինքնասպանության դրդելու հոդվածով: Եթե նրա մեղքն ապացուցվի, ապա Իսմայիլովային սպասվում է 3-7 տարի ազատազրկում:
Խադիջա Իսմայիլովան բազմիցս եղել է Ադրբեջանի կառավարության թիրախն իր լրագրողական գործունեության պատճառով: Նա մի շարք լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որտեղ մերկացրել է Ադրբեջանի իշխանության բարձր օղակներում կաշառակերության մեծ չափերն ապացուցող փաստեր: Վերջին շրջանում նա թոք-շոու էր վարում «Ազատություն ռադիոկայանում»:
Նյութեր թեմայի շուրջ`
Միջազգային կազմակերպություններն ու մամուլը` ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության մասին
Արևմուտքը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության համար
Ադրբեջանը բացասական ուղերձ է հղում միջազգային հանրությանը». ԵԽ գլխավոր քարտուղարը` Իսմայիլովայի կալանքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում