ԿԲ-ն մշակել է գործողությունների ծրագիր, որը կնպաստի փոխարժեքի տատանողականության նվազմանը
«Բոլոր բանկերին տրամադրվել է կանխիկ արտարժույթ` առանց որևէ սահմանափակումների»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Մասնավորապես, ըստ նրա, առաջարկվել են արտարժութային սվոփներ և ինտերվենցիաներ՝ մեղմելու կտրուկ տատանումները: Միևնույն ժամանակ իրականացվել է դրամային իրացվելիության տրամադրման գործիքի` լոմբարդային ռեպո տոկոսադրույքի ժամանակավոր զգալի բարձրացում` սպեկուլյատիվ հարձակումները սահմանափակելու համար: Բացի այդ, ինչպես նշեց ԿԲ նախագահը, տարվել ու տարվում են աշխատանքներ արժութային շուկայում չարաշահումները բացահայտելու և պատժելու ուղղությամբ: «Մենք մի քանի տասնյակ վարույթներ ենք սկսել և հետագայում դրանց մասին կտեղեկացնենք: Միայն ուզում եմ ասել, որ այս դեպքում մենք շատ խիստ և կոշտ ենք լինելու»,- ասաց Ա.Ջավադյանը:
Նա նշեց նաև, որ իրավիճակը կայունացնելու համար մշակվել է գործողությունների ծրագիր, ըստ որի` մինչև ամսվա վերջ ամեն օր ԿԲ-ն աճուրդների միջոցով բանկերին վաճառելու է արտարժույթ. առաջին շաբաթվա ընթացքում բանկերին օրական կվաճառվի 6 մլն ԱՄՆ դոլար, այնուհետև, արտարժույթի պահանջարկի նվազման հետ մեկտեղ, ծավալները կնվազեն` հասնելով զրոյի:
«Մենք սա չենք դիտարկում որպես շեղում լողացող փոխարժեքի քաղաքականությունից, քանի որ միջամտությունը կարճաժամկետ է, շուկայի ծավալի համեմատ ոչ մեծ, և ԿԲ-ն փոխարժեքի որևէ նպատակ չի հետապնդում իր այս գործողություններով: Մենք սպասում ենք, որ փոխարժեքի մեծ տատանողականությունը արագ կվերանա և փոխարժեքը այս գործողությունների արդյունքում կհավասարակշռվի»,- հայտնեց Ա.Ջավադյանը:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա, ըստ նրա, ԿԲ-ի գնահատականով` 2014թ. վերջին և 2015թ. վերջին այն կլինի նպատակային թիրախի շրջանակում (4+/-1.5):
«Գնաճը վերահսկվում է գրագետ և հստակ քայլերով: Չկասկածեք` պղտոր ջրում ձուկ որսացողները պատժվելու են»,- ասաց նա:
Միաժամանակ Ա.Ջավադյանը նշեց, որ առանձին ապրանքային շուկաներում հնարավոր է, որ լինեն չարաշահումներ՝ գների չհիմնավորված թանկացման միջոցով, ինչպես նաև ապրանքների թանկանալու մասին լուրեր տարածելու միջոցով, որը բերում է արհեստական պահանջարկի ստեղծմանը: «Սակայն, Կառավարության պատկան մարմինները իրավիճակին ուշադիր հետևում և վերլուծում են, ու բացահայտման դեպքում կպատժեն բոլոր մեղավորներին»,- նշեց նա: