Նիկոլայ Սիլաև. Այս պահին ԵՏՄ-ին անդամագրվող երկրներն ունեն բանակցային ավելի լավ դիրքեր
«Արևմուտք-Ռուսաստան սուր հարաբերությունների ֆոնին այդ հակասությունները չեն տարածվում Հարավային Կովկասի վրա: Հավանաբար, Արևմուտքը հասկանում է ինչով է հղի Հարավային Կովկասում իրավիճակի վատթարացումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությանը, ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաևը:
Նա նշեց, որ Հայաստանը անդամակցում է ԵՏՄ-ին, ինչը ուղեկցվում է ներքաղաքական քննարկումներով և նորմալ է. «Հայ-ռուսական հարաբերությունները ավանդաբար կարևոր են անվտանգության տեսանկյունից, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար: Գյումրու ռազմակայանը մեծ նշանակություն ունի Մոսկվայի համար»:
Նրա խոսքով, պետք է զարգացնել հայ-ռուսական համագործակցությունը նաև հումանիտար ոլորտում. «Վրաստանը ստորագրել է ԵՄ-ի ասոցացման պայմանագիրը, իսկ Հայատսանը անդամակցում է ԵՏՄ-ին և շատ կարևոր է, որ Երևանը և Թբիլիսին պահպանեն սերտ համագործակցությունը: Դա կարող է արտահայտվել նաև երկու ինտեգրացիոն կազմակերպությունների դրական համագործակցությամբ Հարավային Կովկասում»:
Ն.Սիլաևը անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ապագային նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն բազմաոլորտ. «Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն նախագծերը իրականացվելու են տասնամյակներ, իսկ Ռուսաստանի այսօրվա տնտեսական ծանր իրավիճակը կապված է ինչպես պատժամիջոցների, այնպես էլ ռուսական տնտեսության ներքին խնդիրների հետ: Պուտինի Պետդումային հղված ուղերձում նշվում է, որ Մոսկվան պետք է իրականացնի ավելի ակտիվ և դինամիկ արտաքին քաղաքականություն»:
Նա հավելեց, որ ԵՏՄ-ն ավելի փոքր է ԵՄ-ից և այն երկրները, որոնք այժմ են ինտեգրվում ԵՏՄ-ին ունեն բանակցային ավելի լավ դիրքեր, քան այն երկրները, որոնք ստորագրել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր: