«Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը ժամանակավոր դադարի մեջ է. Ֆիրդուս Զաքարյան
«Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը ուժի մեջ է, սակայն այս պահին չկան համապատասխան ֆինանսական միջոցներ, այդ պատճառով էլ դեռևս բուն աշխատանքները սկսված չեն: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Նա տեղեկացրեց, որ ծրագրի ներկայացման ժամանակ աշխատանքների ավարտի որևէ վերջնաժամկետ նշված չի եղել. «Սա բարի ցանկություն էր՝ կախված սիրիահայերի տրամադրությունից: Նրանք էլ սկզբից ասում էին, որ իրենց ֆինանսական միջոցներով կմասնակցեն, հետո եկավ մի շրջան, որ ֆինանսապես բարդացավ իրենց մասնակցությունը»:
Ֆիրդուս Զաքարյանը նաև նշեց, որ սփյուռքի բարերարներին էլ պետք է դիմեին այս հարցով, սակայն Սիրիայում իրավիճակն այնպիսին էր, որ չէին կարող ասել՝ եկեք Հայաստան բնակարան կառուցելու և աչքաթող արեք Հալեպում ռմբակոծությունից տուժածներին:
«Մենք նույնիսկ կանադահայ բարերարների հետ ենք քննարկել ծրագիրը, սակայն նրանք խնդրեցին, որ այն ինչ կարող են անել, անեն Գյումրիի համար, այնտեղի խնդիրները լուծելու և ավարտելու: Մենք դեմ չենք և չենք կարող բարերարներին պարտադրել, այս ծրագրի համար գումարներ ներդնել»,-ավելացրեց Ֆ. Զաքարյանը:
Հիշեցնենք, որ «Նոր Հալեպ» թաղամասը պետք է կառուցվեր Աշտարակում՝ դեպի Էջմիածին գնացող մայրուղու վրա: Ըստ նախագծի, թաղամասն ընդհանուր 488 միավոր բնակելի տարածք է, որտեղ պետք է լինեին մեկից երեք սենյականոց բնակարաններ` մոտ 2000 մարդու համար նախատեսված: Հատկացված 4,8 հեկտար տարածքը նախագծվել էր որպես քաղաքատիպ թաղամաս՝ 4-5 հարկանի շենքերով, կանաչապատված բակային տարածքներով:
Հարդարված և վերջնական տեսքի բերված բնակարանների քառակուսի մետրը, ըստ նախնական հաշվարկների կարժենար 500-550 ԱՄՆ դոլար, իսկ ոչ հարդարված վիճակում՝ 350-400:
Նշենք, որ ավելի վաղ Panorama. am-ի հետ զրույցում շատ սիրիահայեր կարծիք էին հայտնել, որ իրենք ֆինանսապես ի վիճակի չեն վճարումներ անել և որ ավելի լավ կլիներ այդ գումարներով իրենց համար թեկուզ Աշտարակ քաղաքում արդեն պատրաստի բնակարաններ գնեին՝ նշելով, որ իրենք վարձով են ապրում և տան վարձին զուգահեռ նոր բնակարան ձեռք բերելու գումարները չեն կարող վճարել:
Նախորդող հրապարակումներ՝
«Նոր Հալեպը» հասանելի կլինի ոչ բոլոր սիրիահայերին
«Նոր Հալեպ» թաղամասում բնակարան ձեռք բերելու համար նախնական 625 սիրիահայ է գրանցվել
Սիրիահայերին ներկայացվեցին «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու պայմանները
«Որքան շատ բարերարներ լինեն, այնքան «Նոր Հալեպ» թաղամասի բնակարանների արժեքը կարող է նվազել»
Ճարտարապետը ներկայացրել է Նոր Հալեպ թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու լուծումները
Սկսվել են «Նոր Հալեպ» թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները
«Նոր Հալեպ» թաղամասի համար հատկացվել է 4.8 հա տարածք. Աշխատանքները պետք է արագացվեն
Շուրջ 300 սիրիահայ ընտանիք ցանկանում են բնակարան ձեռք բերել «Նոր Հալեպ» բնակելի թաղամասում