Ուկրաինան վերսկսել է ռուսական գազի ներմուծումը
Ուկրաինան վերսկսել է ռուսական գազի ներմուծումը: Այս մասին, «Լենտա.ռու» կայքի հաղորդմամբ, ասված է «Ուկրտրանսգազ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Տեղեկատվության համաձայն, ներմուծվող գազի ծավալը կազմում է օրական 43,5 միլիոն խորանարդ մետր:
Ավելի վաղ, դեկտեմբերի 6-ին «Նաֆտոգազ Ուկրաինա» ընկերությունը ռուսական «Գազպրոմին» էր փոխանցել 378 միլիոն դոլար կանխավճար՝ մեկ միլիարդ խորանարդ մետր վառելիք ներմուծելու դիմաց:
Հիշեցնենք, հոկտեմբերի 31-ին Ուկրաինան, Ռուսաստանն ու Եվրահանձնաժողովը Բրյուսելում համաձայնեցրել էին, այսպես կոչված, գազի ներմուծման «ձմեռային պլանը», որով նախատեսվում է Ուկրաինա գազի մատակարարման վերսկսումը: Մինչ 2014 թ-ի ավարտը Ուկրաինան պարտավորվել է մարել 3,1 միլիարդ դոլար կուտակված պարտքը և լրացուցիչ ծավալով գազ գնել կանխավճարային սկզբունքով:
Նույն պայմանավորվածությունների համաձայն, 2014 թ-ի նոյեմբերի 1-ից մինչև 2015 թ-ի մարտի 31-ը Մոսկվան Կիևին հազար խորանարդ մետր գազի դիմաց տրամադրելու է 100 դոլար զեղչ: