Հայաստանի տնտեսական խնդիրների մեղավորը Թուրքիան և Ադրբեջանն են. Կարեն Անդրեասյան
«Հայաստանում այսօր բոլորը խոսում են իրենց սոցիալական վիճակի, փոխարժեքի փոփոխության, աղքատության խնդիրների մասին, որպեսզի այդ բոլոր խնդիրների ակունքը տեսնենք, ապա պետք է նախ խոսենք տնտեսական իրավունքների մասին»,- այս մասին այսօր տնտեսական իրավունքներին նվիրված համաժողովում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Նրա խոսքերով` Հայաստանում բոլոր մարդկանց իրավունքների խախտման կոպտորեն ոտնահարողները Թուրքիան և Ադրբեջանն են:
«Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն խախտում են իրենց երկրներում մարդկանց իրավունքները, օրինակ` Ադրբեջանում այլախոհներին բանտերում պահելով, խոսքի ազատությունը ոտնահարելով և այլն, այլև Թուրքիան և Ադրբեջանը տնտեսական շրջափակման ճանապարհով այսօր էական բացասական ազդեցություն են ունենում բոլորիս իրավունքների պաշտպանության վրա»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:
Ըստ նրա` թեև տարիների ընթացքում այս մասին մոռանում կամ հաճախ չենք բարձրաձայնում, բայց այս համաժողովում պետք է շեշտադրվի, որ Հայաստանի աղքատության, տնտեսական խնդիրների մեղավորը, բնականաբար, մեր երկու հարևան երկրներն են, ինչպես նաև աշխարհաքաղաքական որոշակի զարգացումները:
Բացի այդ, ըստ Կ.Անդրեասյանի, այստեղ նաև ներքին խնդիրներ կան: Մարդու իրավունքների պաշտպանը, մասնավորապես, առանձնացրեց իր համար ամենամտահոգիչ խնդիրներից մեկը` տնտեսական իրավունքների պաշտպանության ոչ ճիշտ ընկալումը:
Նրա խոսքերով` Սփյուռքի տարբեր համայնքներում ինքը լսում է հուսահատեցնող, ահասարսուռ առասպելներ, ըստ որի` Հայաստանում գոյություն ունի «տնտեսական ռեկետ, պետական թալան, բիզնեսների խլում և այլն»:
«Սրանք ստեր են 2014թ-ի Հայաստանի համար: Եվ այդ ստերը, ցավոք սրտի, մնում են օտարերկրյա ներդրողների, այդ թվում` Սփյուռքի ներդրողների մտքերում, ինչը բացասաբար է ազդում մեր տնտեսության վրա»,- ընդգծեց Կ.Անդրեասյանը:
Նա նշեց, որ այդ հանդիպումների ժամանակ ինքը փորձել է հերքել` ասելով, որ 20 տարի առաջ Հայաստանում կային փողոցային տղաներ, որոնք զբաղվում էին կրպակատերերի ռեկետով, բայց դա վերացել է 1995-96թթ-ից:
«Այո, 15 տարի առաջ Հայաստանում հնարավոր չէր զբաղվել բիզնեսով` առանց պետական պաշտոնյա հովանավոր ունենալու, բայց սա էլ է վերացել արդեն 2004-2005թթ-ին: 10 տարի առաջ պետական չինովնիկները շատ հաճախ կոռուպցիոն դրսևորումներով ճնշումներ էին գործադրում գործարարների վրա ` չթողնելով, որ նրանք նորմալ աշխատեն: Սա էլ գրեթե վերացել է 2009-2010 թթ-ին»,- ասաց Կ.Անդրեասյանը:
Նա միևնույն ժամանակ նշեց, որ, եթե հինգ տարի առաջ գործարարները հիմնականում վախենում էին դատարան դիմել` ընդդեմ մաքսային և հարկային մարմինների, 2013-2014թթ-ին բազմաթիվ գործարարների նմանատիպ խնդիրներ լուծվել են դատական կարգով` հաճախ հաղթանակներ տոնելով պետական մարմինների նկատմամբ:
«Դեռ մեկ տարի առաջ ինքս էի ասում, որ արդարադատությունը էապես կախում է, բայց այսօր կարող եմ փաստել, որ տնտեսական, քաղաքացիական, վարչական գործերով դրական առաջընթաց կա: Խնդիրները շարունակվում են պահպանվել հիմնականում քրեական արդարադատության ոլորտում, որը էականորեն չի ազդում ներդրումային միջավայրի վրա»,- նշեց Կ.Անդրեասյանը:
Այսպիսիով, ըստ նրա, շատ դեպքերում մարդիկ քննադատում են Հայաստանի ներդոմային միջավայրը, իսկ երբ խնդիրը շտկվում է, բարի չեն գտնվում բարձրաձայնել այդ մասին:
«Օտարերկրյացիներն ու Հայաստանի հետ ինտենսիվ կապ չունեցող Սփյուռքն էլ մնում է ժամանակավրեպ ու առասպելական պատկերացումների մեջ: Սա նվազեցնում է ներդրումները, խոչընդոտում տնտեսական զարգացմանը և խորացնում աղքատությունը: Այս համաժողովի նպատակն է նման երևույթները բացառել, միֆերը, առասպելները վերացնել, իրական խնդիրները վեր հանել: Կարծում եմ, որ մենք կկարողանանք իրական խնդիրները դուրս բերել, քննարկել մեր ունեցած պրոբլեմները և դրանք էլ վերացնել արդեն 2015թ-ին»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:
Կ.Անդրեասյանը դիմելով համաժողովին ներկա վարչապետ Հովիկ Աբրահամյանին` ասաց, որ ՄԻՊ-ը պատրաստ է դառնալ կառավարության լավագույն գործընկերներից մեկը, որպեսզի այս խնդիրները վերացնեն:
Հ.Աբրահամյանն էլ ընդգծեց, որ բոլոր հարթակներում պետք է այդ մասին խոսվի, քանի որ այնպիսի տեղեկատվություն կա, որը իրականության հետ ընդհանրապես կապ չունի:
«Մենք պարտավոր ենք դա հերքել, որպեսզի հասարակությունը ընկալի այն, ինչ այսօր գոյություն ունի մեր երկրում: Եղել են նաև թերություններ, բացթողումներ, դրանց մասին մենք չպետք է ամաչենք բարձրաձայնել, հակառակը, պետք է դրանց մասին խոսենք և համատեղ աշխատանքի արդյունքում փորձենք բոլոր հարցերին լուծում տալ, որոնք այսօր առկա են և մտահոգում են մեր հասարակությանը»,- նշեց վարչապետը:
Նախորդող հրապարակում`
ՀՀ-ն կարող է ընտրել զարգացման այնպիսի ճանապարհ, որ դառնա գիտելիք և տեխնոլոգիա մատակարարող երկիր. վարչապետ
Մարդու իրավունքների պաշտպանի վերլուծությունը՝ պետական մարմինների աշխատանքի վերաբերյալ