ՀՀ-ն կարող է ընտրել զարգացման այնպիսի ճանապարհ, որ դառնա գիտելիք և տեխնոլոգիա մատակարարող երկիր. վարչապետ
Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է տնտեսական իրավունքներին նվիրված համաժողով, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, տնտեսագետներ, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաժողովի բացմանը նախ իր հատուկ շնորհակալությունը հայտնեց նախաձեռնության հեղինակներին և կազմակերպիչներին՝ քաղաքակիրթ և համակողմանիորեն կայացած հասարակությունների ձևավորման գործում կարևորագույն դերակատարություն ունեցող տնտեսական իրավունքներին նվիրված համաժողովի անցկացման կապակցությամբ:
Նրա խոսքերով` տնտեսական իրավունքները մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ առկա ընկալման շրջանակի անբաժանելի մաս են կազմում: Դրանք կարևորագույն երաշխիք են հանդիսանում մարդու, հասարակության և, անշուշտ, պետության բարեկեցության ապահովման ու զարգացման գործում:
«Մարդկության զարգացման և պետությունների կայացման պատմությունը փաստում է, որ միջազգային փաստաթղթերում և ազգային սահմանադրություններում մարդու իրավունքների մասին ձևակերպումներից շատ առաջ, մարդիկ, առաջին հերթին, դրսևորում էին իրենց հանձնառությունը սեփականության իրավունքի և արդարության սկզբունքի նկատմամբ: Այսօր մարդու իրավունքները համապարփակ բնույթի են, և հասարակությունների զարգացման չափորոշիչները չեն սահմանափակվում միայն սեփականության առկայության մակերեսային գաղափարախոսությամբ: Այն ավելի խորքային է և ընկալվում է որպես մարդու հիմնարար ազատությունների, այդ թվում՝ տնտեսական և սոցիալական արդարության երաշխիք»,- նշեց Հ.Աբրահամյանը:
Վարչապետը նշեց, որ մարդակենտրոն զարգացման գաղափարախոսությունը ընդունելով որպես ռազմավարական ուղենիշ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գերակայություն է հռչակել քաղաքացի-անհատին և նրա արժանապատիվ կենսակերպի երաշխավորումը:
«Այս մոտեցման փիլիսոփայությունը խարսխված է այն առանցքի շուրջ, որ երկրում պատշաճ ինստիտուտների զարգացումը և բարենպաստ միջավայրի ձևավորումը պետք է ինքնահաստատման և ինքնադրսևորման հնարավորություններ ընձեռեն: Արտաքին տնտեսական հարաբերությունների ընդլայնման ու դիվերսիֆիկացման ջանքերը, արտահանմանն ուղղված արդյունաբերական զարգացման քաղաքականության ողջ գործիքակազմը, գործարար միջավայրի, տեսչական համակարգի և քաղաքացիական ավիացիայի բնագավառում ընթացող բարեփոխումների փաթեթը ուղղակիորեն միտված են գործարարի ու քաղաքացու տնտեսական իրավունքների լիարժեք իրացման համար նպաստավոր պայմաններ երաշխավորելուն»,- ասաց վարչապետը:
Հ. Աբրահամյանը նկատեց, որ այս համատեքստում ավելի լրջորեն պետք է մտորել Հայաստանի զարգացման մոդելի շուրջ` հաշվի առնելով մինչ այժմ ունեցած ձեռքբերումները, մեր ժողովրդի բնատուր տաղանդն ու ամրագրել այն թիրախը, որին ձգտելու և հասնելու համար անհրաժեշտ նախապայման է հավաքական մտածողությունն ու փոխհամաձայնությունը:
Ըստ նրա` հասարակությունների տեխնիկական վերափոխումների ներկա դարաշրջանում, երբ գիտելիքն է առաջընթացի երաշխիքը, Հայաստանը պետք է և կարող է ընտրել զարգացման այնպիսի ճանապարհ, որը կտեղափոխի առավելապես ռեսուրսատար արդյունք ստեղծողից դեպի գլոբալ արժեշղթայում գիտելիք և տեխնոլոգիա մատակարարող երկրի:
«Համոզված եմ, որ հենց այս մոտեցումն է մեզ ուղղորդելու դեպի կայուն զարգացում, հնարավորությունների և տնտեսական իրավունքների լիարժեք իրացում»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:
Նախորդող հրապարակում`
Մարդու իրավունքների պաշտպանի վերլուծությունը՝ պետական մարմինների աշխատանքի վերաբերյալ