Հալեպում պայթեցրել են հայ ոսկերիչների գործարանը
Հալեպում դեկտեմբերի 9-ի առավոտյան զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծման թիրախ է դարձել ոսկերիչների շուկան՝ «Ֆարհաթ» հրապարակը: «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մեծ տակառից պատրաստված հրթիռն ընկել և պայթել է շենքի վրա, որի վերջին հարկը հայի բնակարան է, իսկ մնացածը՝ հայ ոսկերիչների գործարան:
Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն գրանցվել, վնասները միայն նյութական են: Պայթյունի պատճառով վնասվել է շենքի մոտ գտնվող Հայ Կաթողիկե առաջնորդարանը, հրապարակում գտնվող եկեղեցիները, բնակարաններն ու խանութները: Շրջանն արդեն բնակչությունից ոչ ամբողջական ամայացած է, մեծ թվով հայեր ավելի ապահով շրջաններ են տեղափոխվել:
Հին Հալեպի շրջանը մշտապես բախումների, հրասանդների և հրթիռակոծության կենտրոն է: Հետևաբար, այնտեղ գտնվող Ազգային առաջնորդարանը, Ս. Քառասնաց Մանկանց մայր եկեղեցին և նրա մոտ գտնվող շրջանները ևս ինքնաբերաբար կարող են հայտնվել հրթիռների թիրախում:
Աղբյուրը գրում է, որ ավելի վաղ՝ դեկտեմբերի 7-ին, հետմիջօերից հետո, ուժգին պայթյունը ցնցել է Հալեպ քաղաքը: Զինված խմբավորումների կողմից իրականացված պայթյունը որոտացել է Հալեպի պատմական բերդի մերձակայքում գտնվող Սուլթանիե մզկիթի մոտ, որի հետևանքով նյութական և ֆիզիկական վնասներ են արձանագրվել: Պայթյունը երկրաշարժի է նմանվել և քաղաքն ամբողջությամբ ցնցվել է: