Ջոն Հեֆերնը սփյուռքահայերին խրախուսում է գալ և ներդրումներ կատարել Հայաստանում
«Մարդու իրավունքների պաշտպանությունն ու գերակայությունը կարևոր են, քանի որ դրանք քաղաքական իրավունքներ են, դրանք ժողովրդավարությունն են ներկայացնում, և ի վերջո դրանք ճիշտ քայլեր ենք, որոնք պետք է արվեն»,- այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված Տնտեսական իրավունքների համաժողովի ժամանակ ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Ջոն Հեֆերնը` հավելելով, որ այս համաժողովի նպատակն է ցույց տալ, որ մարդու իրավունքները, քաղաքական իրավունքները իրենց հետ մեկտեղ բերում են նաև տնտեսական օգուտներ:
Նրա խոսքերով` այն երկրներում, որտեղ գերիշխում է իրավունքի գերակայությունը, բոլոր հաստատությունները հաշվետու են օրենքի առջև, ուստի դա կարևոր նախապայման է, որ մարդիկ ու տնտեսությունը ծաղկեն ու բարգավաճեն:
«ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է օգնել, զարգացնել այս ոլորտի կարողությունները մեր գործընկեր պետություններում, մասնավորապես` Հայաստանում: Այն երկրներում, որտեղ կա իրավունքի գերակայություն, տվյալ երկրներում ցուցանիշները արագ են աճում, մեծ քանակությամբ օտարերկյա ներդրումներ են ներգրավվում»,- նշեց դեսպանը;
Ջոն Հեֆերն ասաց, որ ինքը հաճախ խոսում է սփյուռքի ներկայացուցիչների հետ ու նրանց խրախուսում, հորդորում է, որ գան Հայաստան, փորձեն աշխատատեղեր ստեղծել թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում` կատարելով փոխշահավետ ներդրումներ:
«Այդ գործարարները նշում են, որ իրենց համար անհրաժեշտ է կանխատեսելիություն, վստահություն, որ իրավական դաշտը, կնքվող պայմանագրերը կհարգվեն, վեճերը արդարացի լուծում կստանան ու կլինեն հավասար խաղի պայմաններ տեղացի ու արտասահմանյան, մեծ ու փոքր ընկերությունների համար ու բոլորի հանդեպ վերաբերմունքը նույնը լինի»,-նշեց Հեֆերնը:
Անդրադատնալով «Doing business» զեկույցին, դեսպանն ասաց, որ շատ ցուցանիշների գերակշիռ մասով Հայաստանն ունի առաջընթաց, սակայն պայմանագրերի կատարման մասով Հայաստանի ցուցանիշը այնքան էլ լավը չէ:
«Կարծում եմ, որ Հայաստանը այս մասով կարող է ավելի լավ ցուցանիշ ունենալ»,- ասաց նա:
Միաժամանակ դեսպանն ասց, որ ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործալակությունը կշարունկեն աշխատել ոստիկանների, հետաքննիչների, փաստաբանների հետ, որպեսզի խրախուսեն իրավունքի գերակայությունը և հաշվետվողականությունը Հայաստանում: