Ադրբեջանցի փորձագետ. 10 տարում պետբյուջեից մոտ 23 մլրդ մանաթ է անհետացել
Ադրբեջանի` Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն ուշագրավ փաստեր է վերհանել, որոնք առնչվում են արտերկրից Ադրբեջան ապրանքների ներկրման ժամանակ մեքենայությունների հետ` միաժամանակ ներկայացնելով դրանք առավել ակնհայտորեն պատկերող աղյուսակ: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Minval.az տեղեկատվական պորտալը, այս մասին կարելի է կարդալ Իբադօղլուի ֆեյսբուքյան էջում:
Նյութում նշված է, որ Իբադօղլուն գրել է, թե հաշվարկներն արվել են Ադրբեջանի 15 հիմնական առևտրային գործընկերների ներկրման վերաբերյալ տվյալների վրա: «Ըստ տվյալների` 2008-2013 թթ. ընդգրկող ժամանակահատվածում մեր պաշտոնական վիճակագրական տվյալների ու հակադիր կողմերի տվյալների տարբերությունը վերջին 6 տարիների ընթացքում կազմում է 21,58 մլրդ դոլար»,- նշել է նա:
«Այն մարդկանց մեծ մասը, որոնք արտերկրից ապրանքների մեծ ծավալ են ներմուծում, բարձրաստիճան պաշտոնյաներ են ու օլիգարխներ: Նրանք շղթայական են իրականացնում այս գործընթացը` մի քանի անգամ նվազեցնելով ներկրվող ապրանքների զանգվածը, արժեքն ու չափերը: Օրինակ` ռուսական մաքսատանը գրանցված ապրանքը, որը 100 տոննա է կշռում, ադրբեջանական մաքսակետը գրանցում է որպես 20 տոննա: Այս պարագայում չեն վճարվում անհրաժեշտ մաքսերն ու տուրքերը»,- նշում է պորտալը` հավելելով, թե վերջին տարիների ընթացքում ամենախոշոր մեքենայություններն իրականացվել են Չինաստանից, ՌԴ-ից ու Թուրքիայից ապրանքներ ներկրելիս:
Իր հերթին ադրբեջանական Musavat.com կայքը, ևս անդրադառնալով Իբադօղլուի աղյուսակին ու վերլուծելով այն, նկատում է, որ ըստ դրա` Ադրբեջանի Մաքսային կոմիտեի մեքենայությունների պատճառով 2003-2013 թթ. պետբյուջեից անհետացել է 23 մլրդ մանաթ` ընդգծելով, թե կրկին համաձայն այդ աղյուսակի` 2008-2013 թթ. երկրի բյուջեն կորցրել է 10 մլրդ դոլար, որը հայտնվել է անհատների գրպաններում:
Տնտեսագետը կարծում է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն Ադրբեջանի չանդամակցելու պատճառներից մեկն էլ դա է, քանի որ դրան անդամակցությունը պահանջում է մաքսային գործարքների թափանցիկություն, ինչն Ադրբեջանում բացակայում է:
Նախորդող`
«Ադրբեջանի բյուջեն կառումպացված է»