Լևոն Շիրինյան. «Հայաստանը կարող է դառնալ կապող օղակ Եվրասիական և Եվրաատլանտյան կառույցների միջև»
«Հայաստանի կողմից ԵՏՄ-ի ընտրությունը աշխարհագրության թելադրանք է և ով էլ լիներ Հայաստանի նախագահի պաշտոնում կայացնելու էր այդ միությանը միանալու որոշումը»,-Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագրի վավերացմանը ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Մենք որպես ժողովուրդ, պետական և քաղաքական միավոր պետք է օգտագործենք ԵՏՄ-ի պոտենցիալը՝ Հայաստանի ներուժը վերականգնելու համար»,-նշեց Լ.Շիրինյանը:
Նրա խոսքով, դեռևս ոչ ոք ԵՏՄ-ի դեմ ոչ մի հիմնավոր փաստարկ առաջ չի քաշել, իսկ միության շրջանակներում Հայաստանը և ԵՏՄ-ի անդամները պետք է լինեն հավասարազոր գործընկերներ:
«Հայաստանը արդեն այսօր պետք է ուսումնասիրի Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի տնտեսական պոտենցիալը և զարգացման հեռանկարներն ու օգտագործի այդ երկրների ներուժը Հայաստանի տնտեսական հզորությունները վերականգնելու համար»,-նշեց Լ.Շիրինյանը:
Քաղաքագետը նշեց, որ անհրաժեշտ է օգտագործել ԵՏՄ-ի ներուժը Հայաստանը գիտաարդյունաբերական միավոր դարձնելու համար:
«Պետք է վերականգնել Հայաստանի գիտությունը, վերականգնել Պոլիտեխնիկը, քանի որ Պոլիտեխնիկի ոչնչացումը մեր մահն է»,-նշեց Լ.Շիրինյանը:
Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Հայաստանը կարող է դառնալ կապող օղակ Եվրասիական և Եվրաատլանտյան կառույցների միջև:
Նա նշեց, որ Հայաստանը կարող է վերածվել նաև ԵՏՄ-ի ու Իրանի միջև յուրահատուկ կամրջի:
Լ.Շիրինյանը հավելեց, որ Հայաստանը պետք է օգտագործի իր մարդկային ներուժը և երկրի աշխարհագրական դիրքը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Պետդուման այսօր 441 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության պայմանագիրը:
Պետդումայի եվրասիական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին նշել է, որ Հայաստանի անդամակցությունը կարևոր նշանակություն ունի և վերացված են այն բոլոր տեխնիկական խոչընդոտները, որոնք կարող էին անհամապատասխանություն առաջացնել ԵԱՏՄ-ի չափանիշների հետ` այդ թվում նաև ընդհանուր սահմանի բացակայության հետ կապված: Սլուցկին, ով ներկայացնում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, ընդգծել է, որ իրենց կուսակցությունը ամբողջությամբ հավանության է արժանացնում անդամակցության պայմանագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան