ՌԴ Պետդուման վավերացրեց Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը
Ռուսաստանի Դաշնության Պետդուման 441 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության պայմանագիրը: Փոխանցում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է` պայմանագրի վավերացմանը կողմ են քվեարկել ՌԴ Պետդումայի բոլոր խմբակցությունները:
Անդրադառնալով կառույցին Հայաստանի անդամակցությանը` Պետդումայի եվրասիական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին նշել է, որ Հայաստանի անդամակցությունը կարևոր նշանակություն ունի, վերջինս հավելել է, որ վերացված են այն բոլոր տեխնիկական խոչընդոտները, որոնք կարող էին անհամապատասխանություն առաջացնել ԵԱՏՄ-ի չափանիշների հետ` այդ թվում նաև ընդհանուր սահմանի բացակայության հետ կապված: Սլուցկին, ով ներկայացնում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, ընդգծել է, որ իրենց կուսակցությունը ամբողջությամբ հավանության է արժանացնում անդամակցության պայմանագիրը:
Իր հերթին Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Վասիլի Լիխաչը նշել է, որ Կոմունիստական կուսակցությունը ևս իր աջակցությունն է հայտնում պայմանագրին: Վերջինս հավելել է, որ այն ամբողջությամբ արտացոլում է միջազգային հարթակում Հայաստանի ժողովրդի գոյության ինքնիշխան իրավունքը:
«Եդինայա Ռոսսիա» կուսակցության ներկայացուցիչ Օլեգ Լեբեդևը ևս կուսակցության անունից հավանության է արժանացրել անդամակցության պայմանագիրը` կոչ անելով բոլոր խմբակցություններին կողմ քվեարկել փաստաթղթին:
Հիշեցնենք, որ պայմանագիրը ստորագրվել էր այս տարվա հոկտեմբերի 10-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից: Այն բովանդակում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան