Ս. Օհանյան. Բանակցային գործընթացում մենք կարողանում ենք մեր տեսակետները արտահայտել
«Այսօր սահմանին լարվածությունը մեկ բարձրանում է, մեկ իջնում: Նախկինում եթե պաշտպանության բանակի հատվածում նվազագույնը լինում էին կրակոցների 35-50 դրվագ և օգտագործում էին մինչև 1000 փամփուշտ, այսօր այդ կրակոցների թիվը հասնում է 170-200-ի և փամփուշտների թիվը՝ 3000-6000-ի»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ Պաշտպանության բանակի և հայկական զինված ուժերի ստորաբաժանումները միայն պատասխանում են դիպուկահարների կանոնավոր կրակոցներին, անկանոն կրակոցներին հանգիստ են վերաբերվում և չեն պատասխանում, իսկ սադրանքների դեպքում ձգտում են ոչ միայն պաշտպանվել, այլ կանխել:
Պաշտպանության նախարարն ասաց, որ հայկական կողմն ավելի շատ կողմնակից է կանխարգելիչ գործողությունների, պաշտպանական միջոցառումների. «Մենք ինքներս չենք խախտում, սակայն, երբ որ խախտում են մեր հարևանները, ապա այդ խախտմանը պետք է արժանի պատասխան տալ և իրենց «եռանդը» մարում է, երբ իրենք արժանի պատասխան են ստանում»:
«2014 թվականը պաշտպանության բանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար լարված տարի էր և այդ լարված տարին առանձնացավ տարբեր տիպի դիվերսիոն-հետախուզական գործողություններով: Այդ իրականության մեջ պաշտպանության բանակի ղեկավարության և զորամասերի խնդիրը ոչ միայն պաշտպանական խնդիրներ իրականացնելն էր, այլ նաև կանխարգելիչ միջոցառումներ, որը շատ դեպքերում իրականացվում է մեր տարածքից դուրս: Պատճառը պետք է փնտրել հենց այդ սադրանքների մեջ և մեղքի մեծ բաժինը պետք է հակառակորդը նաև վերցնի իր վրա: Ցավոք, դրանք նաև իրենց մեջ գաղտնիություն են պարունակում, դրա համար բավարարվենք այնքանով, որքանով որ ես ասացի»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով բանակցային գործընթացին, Ս. Օհանյանը նշեց, որ այն ընթանում է իր հունով. «Պայմանավորվածությունները քաղաքական մակարդակում իրականացվում են, պարզապես այս լարվածությունները տեղի են ունենում տարբեր գործընթացների, հատկապես հանդիպումների շրջանակում, և փորձում են այս լարվածությամբ ազդել հայկական կողմի վրա: Փորձը ցույց է տալիս, որ այն նպատակները, որ մեր հարևանների մոտ կար՝ սպառազինությունների մրցավազքով ցույց տալ իրենց բանակի հզորությունը, որն ի չիք դարձավ 2014 թվականի ոտնձգությունների ժամանակ, այլևս չի ազդում հայկական կողմի վրա: Մենք մեր տեսակետների տերն ենք. հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, խաղաղ պայմաններում, իհարկե, պաշտպանելով բոլոր միջազգային նորմերը»:
Ս. Օհանյանը չհամաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, թե հայկական կողմը մշտապես զիջողի դերում է. «Մենք զիջողի դերում չենք: Մենք էլ կցանկանայինք, որ բոլոր խախտումները երկկողմանի չդատապարտվեին, այլ դատապարտվեր այն կողմը, որն իրականացրել էր այդ խախտումը: Սակայն փորձը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացում մենք կարողանում ենք մեր տեսակետները արտահայտել: Հարցի լուծման ուղղությունները դա երկխոսությունն է, խաղաղ պայմաններն են, փոխհամաձայնություններն են և, իհարկե, զինվորական հստակ փորձաքննության իրականացումն է` յուրաքանչյուր գործունեության ընթացքում»:
Նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի գործով նշանակված քննության վերաբերյալ նախարարն ասաց, որ հետաքննությունն ընթանում է, որևէ նորություն չի կարող ասել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան