Գների փոփոխությունները մեծ հաշվով համարժեք են փոխարժեքի տատանումներին. Ա. Շաբոյան
Հայաստանում այս պահի դրությամբ գների փոփոխությունները մեծ հաշվով համարժեք են փոխարժեքի տատանումներին: Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ՀՀ վարչապետի հանձնարարականով ներկայացնելով ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
Ըստ նրա՝ առանձնացրել են այն ապրանքային շուկաները, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները և հետևում են, որպեսզի թույլ չտան հակամրցակցային գործողությունները: Մասնավորապես, ուսումնասիրվել են շաքարավազի, կարագի, ձեթի, հավի մսի, սուրճի, ալյուրի ու ևս մեկ տասնյակի հասնող ապրանքների շուկաները:
Ա. Շաբոյանի խոսքերով՝ տեղական արտադրության շուկաներից ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում է գտնվում նաև կաթնամթերքի ոլորտը, քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ ապրանքներ ներմուծվում են:
«Կաթամթերքի գները որոշ տեսակների վրա են փոխվել: Այս ժամանակահատվածում տեղական կաթնամթերքի արտադրությունը ևս նվազել է և գնային փոփոխությունը նաև դրա հետ է կապված: Սակայն ոչ բոլոր կաթնամթերք արտադրողներն են գները բարձրացրել: Մասնավորապես, «Աշտարակ կաթ» և «Դուստր Մարիաննա» ընկերությունները, որոնք խոշոր արտադրողներ են, գները չեն բարձրացրել»,-ընդգծեց Շաբոյանը՝ խոստանալով կաթնամթերքի ոլորտի վերաբերյալ վերջնական դիրքորոշումը կներկայացնեն ավելի ուշ:
Ըստ նրա՝ նոյեմբերի վերջից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում փոխարժեքի արժեզրկումն իր ազդեցությունն է ունեցել գների բարձրացման վրա: Ա. Շաբոյանը նշեց, որ ընդհանուր առմամբ՝ հասարակության լայն շերտերին հետաքրքրող ապրանքների գծով ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գնային փոփոխությունները տատանվում են 2-13 տոկոսի շրջանակներում. «Այսինքն` այդ փոփոխությունները մեծ հաշվով համահունչ են փոխարժեքի փոփոխություններին, քանի որ դրամն արժեզրկվել է 13-14 տոկոսով»:
Միաժամանակ, նա նշեց, որ օրինակ բրնձի մեկ կիլոգրամը «Երևան սիթի» խանութների ցանցում 325-ից դարձել է 375 դրամ: Էկանորանորեն ավելացել են նաև հնդկաձավարի գները, քանի որ, ըստ ՏՄՊՊՀ նախագահի, այս ապրանքատեսակը մեր տնտեսվարողները հիմնականում ներմուծում են ռուսական շուկայից, իսկ այնտեղ հնդկաձավարի բերքը կրճատվել է քսան տոկոսով, ինչի արդյունքում էլ գներն աճել են:
Ա. Շաբոյանը հայտնեց, որ հաշվի առնելով ամանորյա նախատոնական ժամանակահատվածը՝ ՏՄՊՊՀ-ն շարունակելու է ամենօրյա դիտարկումներ իրականացնել և հետևելու է խոշոր ընկերությունների գործունեությանը: