Մեծ թվով ՀՀ քաղաքացիների հունվարի մեկից ԱՄՆ-ի վիզա կտրվի 10 տարի ժամկետով
2015թ-ի հունվարի 1-ից Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար կգործի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ մուտքի վիզայի պահանջի վերացումը պայմանավորված է Հայ-ամերիկյան միջկառավարկան նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրի 28-րդ կետով, որի համաձայն` «Երկու կողմերը կվերջնականացնեն վիզայի ազատականացման գործընթացը` հաստատելով ազատ վիզայի ռեժիմ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար, ինչպես նաև տասը տարի բազմակի մուտքի վիզա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»:
Այսպիսով, հունվարի 1-ից մեծ թվով ՀՀ քաղաքացիներ կկարողանան ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալ 10 տարի ժամկետով: Նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշումը բխում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների` մուտքի վիզայի ռեժիմը դյուրացնելու մասին պայմանավորվածությունից, որը նախատեսում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ՀՀ քաղաքացիների նկատամբ տասը տարվա բազմակի մուտքի վիզայի տրամադրման հնարավորություն:
«Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ազատականցնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, նպաստել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն այցերի աճին և միտված է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից փոխադարձության հիման վրա`Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Ամերիկայի Միացյալ Նահանգների մուտքիվիզայի ձեռք բերման դյուրացմանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: