Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմավարական դաշինքի հիմքում էներգետիկ շահերն են
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախօրեին Կարսում ստորագրել են համատեղ հայտարարություն, որտեղ ընդգծել են TANAP գազամուղի, Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության և երեք երկրների էներգետիկ համակարգերը միավորող ծրագրի կյանքի կոչման կարևորությունը:Կարսի հայտարարության մեջ նշվում է, որ թուրք-վրաց-ադրբեջանական համագործակցությունը միտված է երեք երկրների բարեկեցության ընդլայնմանը, տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը և ներդրումների խթանմանը:
Միասնական էներգետիկ-տրանսպորտային միջանցք
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններում անկյունաքարային է էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը, որը միտված է Արևմուտք-Արևելք միջանցքի ձևավորմանը: Էներգետիկ համագործակցության առումով, այս պահին գործում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, ինչպես նաև` երեք երկրների էներգետիկ համակարգերը միավորող՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա «էներգետիկ կամուրջ» կոչվող նոր ծրագիրը, որի շնորհիվ էլեկտրաէներգիան Ադրբեջանից Վրաստանի տարածքով կարտահանվի Թուրքիա և այնտեղից Եվրոպա:
Թուրքիան նաև ակտիվ ներդրումներ է իրակացնում վրացական տնտեսության մեջ, այդ թվում էներգետիկ ոլորտում: Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Սամցխե-Ջավախեթիում վերջերս մասնակցել է Փարավանի ՀԷԿ-ի բացման արարողությանը: Նոր ՀԷԿ-ի բացմանը ներկա էր նաև Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:
Փարավանի ՀԷԿ-ի շինարարությունը իրականացվել է «Georgian Urban Energy» թուրքական ընկերության կողմից: Շինարարության իրականացման համար ներդրվել է 125 միլիոն դոլար: Ձմռան ամիսներին ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան բավարարելու է Վրաստանի ներքին պահանջարկը, իսկ ամռան ամիսներին արտահանվելու է Թուրքիա: Գարիբաշվիլու խոսքով, Փարավանի ՀԷԿ-ի շինարարությունը Վրաստանի և Թուրքիայի սերտ համագործակցության ևս մեկ ապացույց է:
Թուրք-վրացական էներգետիկ համագործակցությունը կարևորել է նաև Թուրքիայի էներգետիկայի նախարարը: Յըլդըզի նշել է, որ երկու թուրքական ընկերություններ՝ Չալըկ Հոլդինգը և Ահլաթի գրուպը 500 միլիոն դոլարի պայմանագիր են ստորագրել Վրաստանի կառավարության հետ՝ այդ երկրի տարածքում ևս 3 ՀԷԿ-րի շինարարության հետ կապված:
Վրաց-թուրքական համագործակցության մեկ այլ ոլորտ առնչվում է կոմունիկացիոն՝ տրանսպորտային համագործակցությանը և դրա շրջանակներում Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցմանը: «Silk Wind» ծրագրի շրջանակներում «Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Կովկաս-Թուրքիա-Եվրոպա» ուղղությամբ նոր տրանսպորտային ուղու կյանքի կոչման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը կստորագրվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի շահագործումից առաջ: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի զարգացման և ներդրումների նախարարության տրանսպորտային հանձնաժողովի նախագահ Ասետ Ասավբաևը:
Նրա խոսքով, Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի միջև տարանցիկ երկաթգծային և ծովային փոխադրումների մասին համաձայնագրերը արդեն իսկ համաձայնեցվել են Վրաստանում և Ղազախստանում: Այդ փաստաթուղթը այժմ ներպետական քննարկումների փուլում է Ադրբեջանում և Թուրքիայում:
«Silk Wind» նախագիծը թույլ կտա Չինաստանից դեպի Եվրոպա արտահանվող ապրանքների տեղափոխման ժամկետները 35 օրից կրճատել մինչև 12-14 օր:
Տարեկան նախատեսվում է Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ արտահանել մինչև 10 միլիոն տոննա ապրանք: Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքիան և Վրաստանը «Silk Wind» նախագծի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրել են դեռևս 2012թ.-ին:
Թուրքիան տարանցելու է ռուսական և ադրբեջանական գազը
Կարսում նախօրեին ընդունված հայտարարության մեջ հատուկ կարևորություն է հատկացվում TANAP ծրագրի իրականացմանը, որով ադրբեջանական գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով արտահանվելու է դեպի ԵՄ:
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Բաքուն պայմանագիր են ստորագրել, որով ադրբեջանական գազը թուրքական տարածքով արտահանվելու է դեպի Եվրոպա: Էրդողանը նշել է, որ Թուրքիան դեպի ԵՄ է արտահանելու նաև ռուսական գազը և Վլադիմիր Պուտինը առաջարկել է Թուրքիայով դեպի Եվրոպա նոր գազամուղը անվանել «Թուրքական հոսք»՝«Հարավային հոսքի» փոխարեն:
Թուրքիան օգտագործելով Արևմուտք-Ռուսաստան հակասությունները կարողացավ դառնալ ռուսական գազի տարանցման կարևորագույն երկիր՝չմոռանալով Արևմուտքի համար կարևոր «Հարավային գազային միջանցքի» շրջանականերում TANAP ծրագրի մասին: Թուրքիան դառնալու է ռուսական և ադրբեջանական գազի տարանցման երկիր, ինչը բարձրացնելու է Անկարայի դերը ԵՄ-ի համար և ազդեցության լծակներ է տալու ԵՄ-ին անդամակցության բանակցություններում:
Թուրք-ադրբեջանական «էքսպանսիա» Վրաստանում
Ջավախքում հայկական գործոնի առկայությունը Թուրքիայի և Ադրբեջանի շահերից չի բխում, քանի որ բոլոր ռազմավարական նավթա և գազամուղերը, երկաթգիծը և երկրները միմյանց կապող ճանապարհները անցնում են այդ տարածաշրջանով: Այդ պատճառով Անկարան և Բաքուն փորձում են Ջավախքում ուժեղացնել թուրքական ներկայությունը, այդ թվում տնտեսական էքսպանսիայի միջոցով:
Տնտեսական էքսպանսիային զուգահեռ, Անկարան և Բաքուն փորձում են անընդհատ թեժ պահել մեսխեթցի թուրքերի՝ Սամցխե-Ջավախեթի վերադառնալու հարցը, ինչը հետապնդում է մի քանի նպատակ: 1944թ.-ին Ստալինի հրամանով արտաքսված մեսխեթցի թուրքերը բնակվում են աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում Վրաստանի հարևան Թուրքիայում և Ադրբեջանում: Տարբեր գնահատականներով, Թուրքիայում բնակվում է 70.000, իսկ Ադրբեջանում մոտ 40.000 թուրք մեսխեթցի:
Անկարայում է գտնվում Թուրք մեսխեթցիների կազմակերպությունների ֆեդերացիայի շտաբ-բնակարանը, որը համակարգում է աշխարհով մեկ սփռված թուրք մեսխեթցիների գործունեությունը: Թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է փոխել հայաբնակ Ջավախքի դեմոգրաֆիկ և կրոնական պատկերը, ամրապնդելով թուրքական տարրը, ինչը թույլ կտա թուրքական կամ մահմեդական միջանցք ձևավորել, որը սկիզբ կառնի Ադրբեջանի սահմանից, այնուհետև կձգվի ադրբեջանաբնակ վրացական Քվեմո-Քարթլիի տարածաշրջանով և Ջավախքով կմիանա Թուրքիային:
Վրացական իշխանությունները, որոնք դեռևս 1999թ.-ին Եվրոպայի խորհրդի առջև պարտավորություններ էին ստանձնել ապահովել թուրք մեսխեթցիների վերադարձը չեն ցանկանում իրականացնել այդ ծրագիրը՝ զգուշանալով այդ տարածաշրջանում հայերի և թուրքերի միջև բախումներից, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիի վերացմանը թուրքերով բնակեցված տարածաշրջանի՝ հաշվի առնելով Ջավախքից հայերի միգրացիան և մեսխեթցի թուրքերի մոտ բազմազավակ ընտանիքների և բարձր ծնելիության ավանդույթը:
Այսպիսով, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ավելացնել իրենց տնտեսական, քաղաքական ազդեցությունը Թբիլիսիի վրա, որպեսզի իրականացնեն իրենց պանթուրքական ծրագրերը և փոխեն հայաբնակ Ջավախքի էթնիկ դեմքը, ինչը թույլ կտա թուրքաբնակ տարածքներով շրջապատել Հայաստանը այս անգամ հյուսիսից:
Արտյոմ Բալասանով, վերլուծաբան