Չարլզ Թանոք. Ադրբեջանը հեռանում է ժողովրդավարական արժեքներից և արդարադատությունից
Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմատորների խմբակցությունը դատապարտում է Ադրբեջանի հետաքննող լրագրող, Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը։
Խմբակցությունը մտահոգություն է հայտում Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ առաջադրված «ինքնասպանության հասցնելու» մեղադրանքի կապացությամբ, որը կրկին անհանգստություն է առաջացնում երկրում մամուլի ազատության վերաբերյալ։
Խմբակցությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում վերջ դնել լրագրողներրի և իրավապահների նկատմամբ ոտնձգություններին։
Ինչպես ասվում է խմբակցության հաղորդագրության մեջ, ենթադրվում է, որ Իսմայիլովայի ձերբակալման հիմնական պատճառը նրա կողմից երկրում իշխող քաղաքական էլիտայի շրջանակներում առկա կոռուպցիայի և հանցագործութնունների վերաբերյալ բացահայտումներն են։
Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմատորների խմբակցության արտաքին հարաբերություների համակարգող, բրիտանացի պատգամավոր Չարլզ Թանոքն ասել է, որ խմբակցությունը խիստ մտահոգված է Խադիջա Իսմայիլովայի ձերբակալմամբ, որը հստակ ցույց է տալիս, որ ազատ արտահայտման և մարդու իրավունքները Ադրբեջանում բացահայտ չարաշահվում և շահարկվում են։
«Այս գործը, որը մեկն է մի շարք կասկածելի բանտարկություններից, ցավոք, ևս մեկ հստակ ազդանշան է, որ Ադրբեջանը հեռանում է ժողովրդավարական արժեքներից և արդարադատությունից»։
Խմբակցությունը, որի անդամներ են նաև նախկին սովետական միության անդամ երկրների ներկայացուցիչները, Ադրբեջանում տիրող ներկայիս իրավիճակը համարում են առանձնապես մտահոգիչ։
Եվրախորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Զիլը նշել է, որ լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ այս վերաբերմունքը չի կարող մնալ Եվրամիության կողմից առանց խիստ արձագանքի և շոշափելի արդյունքների, քանի որ Ադրբեջանը պարտավոր է հարգել մարդու իրավունքները՝ ներառյալ մամուլի ազատությունը։
Նշվում է, որ դատապարտման դեպքում Խադիջա Իսմայիլովային սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։