Այս տարի ցանկացողները կարող են պատվաստվել գրիպի դեմ
Հայաստան է ներկրվել գրիպի պատվաստանյութի խմբաքանակը, որը շուտով կտրամադրվի բոլոր պոլիկլինիկներին: Այս մասին այսօր Աղվերանում լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Նշենք, որ Հայաստանում գրիպի դեմ պատվաստումները կատարվում են թիրախային խմբերի շրջանում՝ առաջնային բժշկական օղակ, շտապ օգնության աշխատակիցներ, հիվանդանոցների ընդունարանների բուժանձնակազմ, ծերանոցի բնակիչներ,մանկատան սաներ, իսկ այս տարի կարող են նաև կամավորության սկզբունքով պատվաստվել նաև այլ անձինք:
«Այն անձինք, ովքեր ցանկություն ունեն կամավոր պատվաստվել, կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկներ»,- ասաց Լ.Թորոսյանը՝ հավելելով, որ պատվաստումը իրականացվում է անվճար:
Անդրադառնալով սուր շնչառական վիրուսների, այդ թվում՝ գրիպի ներկայիս իրավիճակին, նա նշեց, որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այսօր հանրապետությունում գրիպի հարուցիչներ չեն շրջանառվում, սակայն շրջանառվում են շնչառական այլ ախտածիններ, հիմնականում`ռինովիրուսը:
Նրա խոսքերով՝ սուր շնչառական հիվանդություններն ունեն սեզոնայնություն: Հիմնականում` աշուն-ձմեռ ժամանակահատվածն է, երբ նկատվում է սուր ռեսպիրատոր հիվանդությունների սրացում: Այն ունի մի քանի պատճառ: Առաջինը` ձմռան ցուրտ ամիսներին մարդու իմունային համակարգի ընկճումն է: Երկրորդը` ցուրտ եղանակներին մարդկանց խմբավորումը ավելի է շատանում, մարդիկ ավելի շատ լինում են փակ տարածություններում, որոնք, որպես կանոն, չեն օդափոխվում: Եվ երրորդ` շնչառական վիրուսներն ավելի կայուն են ցածր ջերմաստիճանի պայմաններում: Այդ իսկ պատճառով տաք եղանակներին այս հիվանդությունները հազվադեպ են հանդիպում:
Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, ռենիտ: Հիվանդության գաղտնի շրջանը 1-3 օր է:
Ըստ մասնագետի՝ գրիպանման երևույթների ժամանակ պետք է դիմել բժշկական օգնության, ինչպես նաև չպետք է զբաղվել ինքնաբուժմամբ, պետք չէ օգտագործել առանց բժշկի նշանակման հակավիուսային պատրաստուկներ (Տամիֆլյու): Նշվեց նաև որ վիրուսային հիվանդությունների դեմ չի կարելի կիրառել հակամանրէային պատրաստուկներ:
Նշենք նաև, որ գրիպի պանդեմիաները հայտնի են արդեն մի քանի հարյուրամյակ: Անցյալ դարում պանդեմիաներ արձանագրվել են 1918թ. (H1N1 «Իսպանական գրիպ»), 1957թ. (H2N2 «Ասիական գրիպ»), 1968թ. (H3N2 «Հոնգկոնգյան գրիպ») և 2009թ. (H1N1 «Կալիֆորնիական գրիպ կամ խոզի գրիպ»):
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա