ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը հերքել է ադրբեջանական մամուլի կողմից իրեն վերագրվող խոսքերը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը հայտարարել է, որ ադրբեջանական իշխանամետ ԱՊԱ լրատվական գործակալության կայքում հրապարակված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Նրա հայտարարությունը հրապարակվել է վերջինիս ֆեյսբուքյան էջում:
Նկատենք, որ ԱՊԱ գործակալության նյութը` «Ջեյմս Ապպատուրայ. Մենք կողմնակից ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ու կողմերի շահերին համապատասխան հակամարտության լուծմանը» խորագրով, արդեն իսկ հեռացվել է կայքից:
Հերքելով ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսների կողմից իրեն վերագրվող խոսքերը` ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքորոշումը, որն էլ համաձայնեցվել է պետությունների ու կառավարությունների ղեկավարների հետ տևական հակամարտությունների առնչությամբ Ուելսի գագաթաժողովում, արտացոլված է գագաթաժողովի հռչակագրի 30 ու 31 կետերում:
ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում հրապարակված սույն հռչակագրի օրիգինալ տեքստում մասնավորապես նշված է. «Մենք այսուհետ էլ ենք շարունակելու աջակցել Հարավային Կովկասում, ինչպես և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ լուծմանն ուղղած ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Այս ձգձգվող հակամարտությունների չլուծվելու միտումը շարունակում է մնալ հատուկ անհանգստության առիթ` խոչընդոտելով տարածաշրջանում քաղաքացիների ներուժի լիարժեք դրսևորմանը` որպես եվրաատլանտյան համագործակցության անդամների: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հակամարտության խաղաղ լուծման հարցում ցուցաբերել կառուցողական մոտեցում ու քաղաքական կամքի ամրապնդում` բանակցությունների արդյունքում սահմանված շրջանակներում»: