«Նորք Մարաշ» ԲԿ. 20 տարի ու 20 հազարից ավել փրկված կյանքեր
«Մարդու սիրտը գերելը հեշտ է, շատերին է հաջողվում, իսկ ահա սիրտը փրկելը՝ միայն բացառիկներին: Բացառիկներից է նաև սրտի վիրաբույժ Հակոբ (Հրայր) Հովակիմյանը, ով 20 տարի առաջ եկավ Հայաստան ու իր թիմի շնորհիվ ավելի քան 20 հազար մարդու կյանք փրկեց ու շարունակում է փրկել: Ալբերտ Սթարի Ակադեմիական Կենտրոնի առաջատար սրտի վիրաբույժ Հակոբ (Հրայր) Հովակիմյանը ԱՄՆ-ում թողեց ամեն ինչ ու եկավ Հայաստան՝ իր օգնող ձեռքը մեկնելու հայ ժողովրդին, Հայաստանում սրտի վիրահատության ծառայություն ստեղծելու: Այսօր Հայաստանն ունի այդ ծառայությունը. ուղիղ 20 տարի առաջ ստեղծվեց «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնը»,- կենտրոնի 20-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ ներկայացնելով անվանի բժիշկին` այս գնահատականները հնչեցրեց հաղորդավարը:
Կենտրոնում կատարվում են սրտի տարբեր վիրահատություններ (բացառությամբ սրտի փոխպատվաստում ): Վիրահատությունները կատարվում են անկախ հիվանդի տարիքից և քաշից: Կենտրոնը հագեցած է անհրաժեշտ և ժամանակակից սարքավորումներով, նախատեսված լիարժեք ախտորոշման և վիրաբուժական բուժման համար: Այս ամենին կենտրոնը հասել է տարիների ընթացքում: Առաջին վիրահատությունը տեղի է ունեցել 1994 թ. հունիսին:
«Ցնծություն էր մեզ համար»,- հիշում է կենտրոնի տնօրեն Լիդիա Մուրադյանը: Վիրահատվողը եղել է երեխա:
Գիտությունների ազգային ակադեմիայում կենտրոնի 20-ամյակին նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպվել: Միջոցառման սկզբում ցուցադրվեց կենտրոնի 20-ամյա գործունեության մասին պատմող ֆիլմ, այնուհետև Լիդիա Մուրադյանն իր խոսքում ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունը:
«Մեր վիրաբույժները պատրաստվում են այստեղ, պարբերաբար վերապատրաստվում են Եվրոպայի և ԱՄՆ առաջատար կլինիկաներում: Մեր կենտրոնն իր կառուցվածքով, չափորոշիչներով չի զիջում եվրոպական կլինիկաներին, մեր վիրավույժներն իրենց մասնագիտական կարողություններով չեն զիջում եվրոպացի ու ամերիկացի մասնագետներին»,- ասաց կենտրոնի տնօրենը:
Նա վստահեցրեց, որ կենտրոնը ինչպես նախկինում, այժմ, այնպես էլ հետագայում կշարունակի իր գործունեությունը ի շահ հիվանդի, ի շահ ժողովրդի, կնպաստի առղջապահության համապատասխան ծրագրերի ապագա իրականացմանը:
Այսօր բազմաթիվ մարդկանց կյանք փրկած Հակոբ (Հրայր) Հովակիմյանը ստացավ իր արժանի պարգևը՝ անձամբ Հանրապետության նախագահի ձեռքից, ով ներկա էր տոնական միջոցառմանը: Առողջապահաթյան բնագավառում մատուցած նշանակալի ծառայությունների, ներդրած անձնական մեծ ավանդի, մասնագիտական բարձր հմտությունների համար սրտային վիրաբույժ Հակոբ Հովակիմյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով:
Պարգևների արժանցան կենտրոնի այլ մասնագետներ ևս:
«Շնորհավորում եմ բժշկական կենտրոնին 20-ամյակի կապակցությամբ, բայց առաջին հերթին՝ որակյալ գործունեության համար: Շնորհակալություն եմ հայտնում կենտրոնի բոլոր աշխատակիցներին՝ բժշկից մինչև պահակ»,- իր խոսքում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը: