Նախարարը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենին խիստ հանձնարարականներ է տվել
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Նախարարի այցն անսպասելի էր ոչ միայն բժշկական կենտրոնում բուժում ստացողների, այլև ղեկավարության համար: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Արմեն Մուրադյանը դիսպանսեր հսկողության բաժանմունքում զրուցել է հիվանդների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Նախարարի հետ զրույցում քաղաքացիներն իրենց դժգոհությունը են հայտնել գոյացող հերթերից, ծառայության գերծանրաբեռնվածությունից:
Նախարարը հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանին խիստ հանձնարարականներ է տվել: Հիվանդների համար կենտրոնի ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով քննարկվել է` դիսպանսերային ծառայությունը Երևանի վարչական շրջանների պոլիկլինիկաներ տեղափոխելու, կադրային, ինչպես նաև հիվանդասենյակների թերհագեցվածության խնդիրները:
Քննարկվել են նաև ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների` հոգեկան առողջության կենտրոններ պարբերաբար համայցերի կատարումը` հետազոտություններ և խորհրդատվություն իրականացնելու նպատակով:
Արմեն Մուրադյանը նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ եղել է նաև երկրորդ բաժանմունքում, ուր այս պահի դրությամբ բուժում է ստանում 40 հիվանդ: Նախարարն այցելել է նաև ճաշարան, ծանոթացել մատուցվող սննդի պահպանման ժամկետներին, ճաշացանկին:
Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբանասոցիալական և արտթերապևտիկ ամբուլատոր բաժանմունքում նախարարին ներկայացվել են իրականացվող ծառայությունները, հիվանդների բուժման ժամանակակից մեթոդները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա