Հայաստանն ու Իրանը վերանայում են Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության մասին պայմանագիրը
«Մեղրիի ՀԷԿ-ի յուրաքանչյուր բլոկը կարտադրի 100 ՄԳվ հզորությամբ էլեկտրաէներգիա»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը:
Համաձայն հաղորդագրության՝ այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթացող հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը, անդրադառնալով Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ընթացքին, մասնավորապես նշել է. «Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության մասին պայմանագիրը թարմացվել է, համաձայն որի՝ հաշվի առնելով Արաքս գետի էկոլոգիայի փոփոխումը՝ իրանական կողմը հայ գործընկերներին առաջարկել է, որպեսզի կառուցվելիք ՀԷԿ-ի յուրաքանչյուր բլոկն արտադրի 100 ՄԳվ հզորությամբ էլեկտրաէներգիա»:
Հավելենք, որ ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանն օրերս տեղեկացրել էր, որ իրանական ընկերությունները շուտով կսկեն Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության աշխատանքները:
Հիշեցնենք, որ Մեղրիի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2012թ. նոյեմբերին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ մինչ պայմանագրի թարմացումը Արաքս գետի վրա կառուցելվելիք Մեղրիի ՀԷԿ-ը պետք է 130 ՄՎտ հզորությամբ տարեկան շուրջ 800 մլն.Կվտժ էլեկտրաէներգիա արտադրեր:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
ՀՀ-ում ԻԻՀ դեսպան. Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալներն աճել են
Իրանի ու Հայաստանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության մթնոլորտում
Իրան-Հայաստան գազային համագործակցությունը խորացնելու համար անհրաժեշտ է անվտանգության բարենպաստ միջավայր