ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի ինստիտուտը նշում է գործունեության 10-ամյակը
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի ինստիտուտն իրապես կայացել է: Կառույցը բավականին աշխատանք է տարել: Հայաստանի վերաբերյալ կայացած վճիռներով արձանագրված խախտումները երբևէ չեն կրկնվում»,- «Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները և Եվրոպական դատարանում Կառավարության լիազոր ներկայացուցչի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման հարցում» խորագրով միջազգային համաժողովում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի ինստիտուտը նշում է իր գործունեության տասնամյակը: Այդ առիթով կազմակերպվել է «Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները և Եվրոպական դատարանում Կառավարության լիազոր ներկայացուցչի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման հարցում» խորագրով միջազգային համաժողով:
Համաժողովի նպատակն է քննարկել մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից կառուցակարգերը և մեր երկրում դրանց ներդրման հնարավորությունները, այդ հարցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի դերը և գործունեության զարգացման ուղղությունները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ոլորտում ձեռքբերումներն ու այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները: Համաժողովը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի՝ Դանիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ:
Միջազգային համաժողովին հրավիրված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների կառավարությունների լիազոր ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի փորձագետներ, Հայաստանի պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Ժամանակակից քաղաքակիրթ յուրաքանչյուր երկիր ձգտում է զարգացնել սեփական իրավական համակարգը՝ առաջնորդվելով մարդու արժանապատվության գերակայնության, նրա իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության հիմնարար սկզբունքով»,- համաժողովում բացման խոսքում ասաց Հայաստանի գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով, այս խնդրի լուծմանն է ուղղված իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգը, որը սկզբնավորվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1950 թվականի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունմամբ. «Կոնվենցիան անգնահատելի է անձի իրավունքների ապահովման առումով, քանի որ ոչ միայն կոչված է երաշխավորելու անձի իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այլ նաև ներդնելու այդ հիմնարար արժեքների դատական պաշտպանության գործուն երաշխիքներ: Այս մեխանիզմի բաղկացուցիչ մաս պետք է համարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պետության կառավարության ներկայացուցչի ինստիտուտը: Այն կոչված է լրացնելու կոնվենցիայով ստեղծված իրավապաշտպան դատական համակարգը և դրանով իսկ նպաստելու դատարանի գործունեության արդյունավետության ապահովմանը»:
Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրել է 2002 թվականին, իսկ 2003 թվականին կառավարությունն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի մասին» որոշումը, որն ուժի մեջ է մտել 2004 թվականին:
«Կառավարության լիազոր ներկայացուցիչը, դասական իմաստով, իհարկե, պետության փաստաբանն է եվրոպական դատարանում, և ինչպես ցանկացած փաստաբան, պարտավոր է հնարավորինս պաշտպանել պետության շահերը և հնարավորինս հստակ ներկայացնել պետության դիրքորոշումն այս կամ այն հարցով: Սակայն եվրոպական դատարանում լիազոր ներկայացուցչի պարտականություններն ավելին են, քան զուտ ներկայացուցչությունը: Ըստ էության, ներգրավված լինելով պետության շահերի պաշտպանությանը եվրոպական դատարանում, լիազոր ներկայացուցիչն ամենաիրազեկ պաշտոնյան է դառնում պետության իրավական համակարգում առկա խնդիրների և միևնույն ժամանակ այդ խնդիրների եվրոպական չափանիշների համահունչ լուծումների վերաբերյալ: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ լիազոր ներկայացուցիչը Հայաստանի վերաբերյալ ցանկացած վճռից հետո նախանշում է օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման ուղղությունները, որոնք անհրաժեշտ են եվրոպական դատարանի արձանագրած խախտումները հետագայում բացառելու համար»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում