ՏԻՄ ընտրություններ. 26 համայնքից միայն երեքում է, որ գործող գյուղապետերը չեն վերընտրվել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է կիրակի տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Ըստ տեղեկատվության, հաղթողների մեծ մասը համայնքների գործող ղեկավարներն են, բացառությամբ մի քանի համայնքների:
Panorama.am-ը ԿԸՀ պաշտոնական կայքից տեղեկացավ, մասնավորապես 26 համայնքից միայն երեքում է, որ գյուղապետեր չեն վերընտրվել, մեկի դեպքում համայնքի ղեկավարը չէր առաջադրվել:
Ըստ ԿԸՀ հրապարակած արդյունքների, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում ՀՀԿ-ական գյուղապետ Սեդրակ Դավթյանը պարտվել է ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածու Սահակ Մելիքյանին: Երկուսն էլ ինքնառաջադրված թեկնածուներ են: Գործող գյուղապետին կողմ է քվեարկել 386 ընտրող, իսկ Սահակ Մելիքյանին՝ 1052:
Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ գործող գյուղապետ, ՀՀԿ կողմից առաջադրված Ավետիս Ավետիքյանը պարտվել է անկուսակցական Գևորգ Հարությունյանին: Գործող գյուղապետի օգտին քվեարկել է 20, իսկ նրա մրցակցի օգտին՝ 21 ընտրող:
Սյունիքի մարզի Թառաթումբ համայնքում գործող համայնքապետը չէր առաջադրվել: Թեկնածուները երկուսն էին՝ անկուսակցական Վահանիկ Մարկոսյանն ու ՀՀԿ-ական Արմեն Ոսկանյանը, նրանք երկուսն էլ ինքնաառաջադրված էին: Անկուսակցական թեկնածուի օգտին քվեարկել է 167 ընտրող, իսկ ՀՀԿ-ական թեկնածուի՝ 120:
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հաղթել է ընտրապայքարում մենակ մնացած, գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական թեկնածու Հակոբ Շահգալդյանը: Նրան կողմ է քվեարկել 9096 մարդ:
Վերընտրվել են նաև կին գյուղապետերը, որոնք ևս մրցակիցներ չունեին: 56 ձայնով Լոռու մարզի Մեղվահովիտ գյուղում վերընտրվել է Համեստ Շահբազյանը, իսկ Արարատի մարզի ասորաբնական Նոր Դվին գյուղում 930 ձայնով՝ Լյուդմիլա Պետրովան: Նրանք երկուսն էլ համայնքները ղեկավարում են երկար տարիներ:
Հիշեցնենք, որ երեկ համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվել Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր և Տավուշ մարզերի 26 համայնքներում: Համայնքի ղեկավարի 42 թեկնածուներից միայն երկուսն էին կին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները