Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա «Նոր տանը մենակ» երգիծական մարտաֆիլմի պրեմիերան
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանի «Նոր տանը մենակ» երգիծական մարտաֆիլմի պրեմիերան: Ֆիլմի դերասանական կազմում են Լևոն Հարությունյանը, Գրիգոր Դանիելյանը, Ռիչարդ Մադլենյանը, Օֆելյա Զաքարյանը, Կրո Գասպարյանը, Արեգ Գալոյանը և ուրիշներ: Սցենարի հեղինակը Լուսինե Մանուկյանն է: Խաղարկային ֆիլմի տևողությունը 94 րոպե է:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանն ասաց, որ ֆիլմի նպատակներից է հանրության շրջանում քարոզել առողջ ապրելակերպը, ցույց տալ սպորտի կարևորությունը մարդու կյանքում և բարձրացնել ինքնավստահությունը երիտասարդների մոտ:
Ռեժիսորը մարտարվեստի վարպետ է և այդ ոլորտի գաղտնիքները փորձել է ներկայացնել մարտաֆիլմում՝ երգիծական ժանրով:
«Քանի որ մեր կյանքն ավելի շատ նման է մարտաֆիլիմի, ուստի փորձել եմ այդ ամենը երգիծական ժանրով ներկայացնել և ավելի ուրախ տրամադրություն հաղորդել ֆիլմին: Կարծում եմ, որ այն ավելի շատ դաստիարակչական բնույթ է կրում»,- ասաց ռեժիսորը:
Արդյոք այն հաջողության կունենա հարցին ի պատասխան, Արտակ Զիլֆիմյանը նշեց. «Այս հարցում ոչ ոք գլուխ չի հանել և երևի չի էլ հանի, քանի որ հնարավոր է անորակ և ոչինչ չասող ֆիլմը մեծ հաջողություն ունենա, իսկ որակյալ ֆիլմերը քիչ դիտվեն: Այդուհանդերձ կարծում եմ, որ այն հաջողություն կունենա և շատերին կհետաքրքրի»:
Իսկ ընդհանրապես, ըստ ռեժիսորի, հայկական կինեմատոգրաֆիան, ինչպես բոլոր բնագավառները, այնքան էլ զարգացում չեն ապրում: Սակայն, նրա գնահատմամբ, վերջին տարիներին ֆիլմերում զգացվում է ավելի մասնագիտական մոտեցում, որակական աճ:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին