Թունավորումներից զերծ մնալու համար ինչպես սնվել Ամանորին. խորհուրդներ մասնագետից
Ստամոքսի խանգարումներից և սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը խորհուրդ է տալիս տոնական օրերին ուտել միայն թարմ սննդամթերք, ինչպես նաև չչարաշահել ալկոհոլը:
Նրա խոսքերով` անհրաժեշտ է մթերքը ձեռք բերելիս ստուգել ոչ միայն պիտանելիության, այլև` արտադրության ժամկետը։ Անվտանգ, սակայն խառը սնունդը կարող է ևս սննդային թունավորման հանգեցնել: Մասնագետը նախ խորհուրդ է տալիս սալաթներ կամ այլ ճաշատեսակներ պատրաստելուց առաջ մաքուր լավանալ բանջարեղենն ու միսը, ինչպես նաև այդ ամենը կտրատել առանձին դանակով. «Միանգամից մի քանի տեսակ ճաշատեսակներ պատրաստելուց խառը մթերքներ կտրատելուց, նույն գդալով խառնելը ևս անվտանգ չէ»:
Շատ կարևոր է նաև մթերքի պահպանության կանոններին հետևելը: Թե հում, թե պատրաստի սննդամթերքը, ըստ նրա, պետք է պահել իրենց համապատասխան ջերմաստիճանային պայմաններում: Նման բարձր ռիսկայնության մթերքներ են՝ միսը, մսամթերքը, կաթը, կաթնամթերքը և կրեմային արտադրանքը:
«Պատրաստի սննդամթերքը ևս ունի պահպանման ժամկետ: Տնային արտադրության մեջ հատկապես բարձր ռիսկային մթերքներ են համարվում աղցանները, որոնք ունեն 16 ժամ պահպանման ժամկետ, այն էլ սառնարանում: Ուստի, պետք է քիչ քանակությամբ պատրաստել: Պետք է հիշեք, որ նախորդ օրվա թթվասերով պատրաստված աղցաններն արդեն իսկ վտանգ են ներկայացնում»,- ընդգծեց Ն.Բակունցը:
Մյուս կարևոր խնդիրը, ըստ մասնագետի, ալկոհոլի չարաշահումն է: Թունավորումից խուսափելու համար ալկոհոլը պետք է օգտագործել չափի մեջ, ինչպես նաև պետք չէ խառնել միաժամանակ մի քանի տեսակի ալկոհոլային խմիչքներ: Գնելուց էլ անպայման ուշադրություն պետք է դարձնել խմիչքի վրայի պիտակավորմանը՝ ակցիզավորմանը:
«Առանց համապատասխան ակցիզավորման խմիչք գնելը կարող է հանգեցնել թունավորման»,- ասաց նա: